Բանակ կզորակոչվի 300 հազար պահեստազորային. «զորահավաքային ռեսուրսը» 25 մլն մարդ է. Շոյգու
Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի ընթացքում 300 հազար պահեստազորային կզորակոչվի Ռուսաստանում՝ ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանն ունի զորահավաքային հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ, իսկ 1%-ից մի փոքր ավելին ենթակա է մասնակի զորահավաքի։ Նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական ստաժ, ենթակա են մասնակի զորահավաքի։
Պատերազմի համար ուսանողներին և ժամկետային զինծառայողներին մոբիլիզացնելու մասին խոսք չկա, հավելել է Շոյգուն։
ՌԴ պաշտպանության նախարարը հայտնել է նաև Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում ռուսական կողմի կորուստների մասին: Ըստ Շոյգուի տվյալի՝ 5937 ռուս զինծառայող է զոհվել, վիրավորների գրեթե 90 տոկոսն արդեն վերադարձել է ծառայության:
Միաժամանակ ՊՆ ղեկավարը նշել է, որ Ուկրաինան պատերազմի ընթացքում արդեն կորցրել է իր բանակի կեսը՝ 61207 զոհ, 49368 վիրավոր։