Հայաստանի անկախության 31-ամյակին՝ ծաղիկներ և խոնարհում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը և բարձրաստիճան պաշտոնյաներ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էին։

Օրեր առաջ կառավարությունը հետաձգել էր Անկախության օրվան նվիրված միջոցառումը Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պատճառով:

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՉԿԱ

Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց՝ առաջնագծում իրադրության փոփոխություն չկա: Խոսնակը հերքեց, որ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքի ուղղությամբ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների հետևանքով վիրավոր կա:

Արամ Թորոսյան (ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար) - Հակառակորդի կրակոցի հետևանքով ցանկացած վիրավորի դեպքում պաշտպանության նախարարությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն տարածում է:

Թորոսյանն անդրադարձավ նաև ադրբեջանական խմբի՝ Ջերմուկի մատույցներում գտնվելու փաստին: Ավելի վաղ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ջերմուկից որոշակի հեռավորության վրա գտնվում է իր ստորաբաժանումներից կտրված հակառակորդի մեկ խումբ: Ասրյանը նշել էր, որ օրերի ընթացքում շրջափակման մեջ գտնվող ադրբեջանցիների ռեսուրսները կսպառվեն, և, կորցնելով կենսունակությունը՝ խումբը հետ կքաշվի:

Արամ Թորոսյան - Գլխավոր շտաբի պետի՝ առաջնագծի վերաբերյալ ներկայացրած իրավիճակից հետո իրադրության որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Պատասխանելով զոհվածների անունները չհրապարակելու վերաբերյալ հարցին՝ ՊՆ խոսնակը նշեց՝ բոլոր անվանացուցակները հրապարակվելու են վերջնական ճշգրտումից հետո:

ԱՎԱՆԵՍՅԱՆԸ՝ ՎԻՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Հիվանդանոցներից արդեն բավական դուրս գրվածներ ունենք. այս մասին էլ հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Անահիտ Ավանեսյան - Ե՛վ մեր բոլոր վիրավոր զինծառայողների, և՛ քաղաքացիական անձանց առողջական վիճակի մեջ կա դրական դինամիկա, հույս ունենք, որ բոլորն էլ պետք է ապաքինմամբ դուրս գան:

Նախարարը մանրամասնեց՝ վիրավոր քաղաքացիական անձանցից մեկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ

Մինչև վարչապետի այցը Եռաբլուրում միջադեպ է տեղի ունեցել զոհված զինծառայողների հարազատների, «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Քրիստինե Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի ու ոստիկանների մասնակցությամբ: Պատգամավորներն ու զոհերի մի խումբ հարազատներ գիշերվանից Եռաբլուրում էին՝ նրանք լրագրողներին տեղեկացրել էին, որ պատրաստվում են արգելել բարձրագույն ղեկավարության մուտքը պանթեոն: Եվ մինչ պաշտոնյաները կժամանեին՝ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը՝ որոշ դեպքերում ուժ կիրառելով բերման ենթարկել: Ոստիկանությունից «Լուրերին» տեղեկացրին, որ Եռաբլուրից բերման է ենթարկվել 37 անձ, թե նրանցից քանիսն են զինծառայողների հարազատներ՝ չեն հստակեցնում: Ընդգծում են՝ նրանք բոլորն էլ ազատ են արձակվել: Ավելի ուշ ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն տարածեց՝ հորդորելով միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով։

«Սեպտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կազմակերպված միջոցառումների ժամանակ իրականացրել են իրենց գործառութային պարտականությունները, ինչի ընթացքում տարածքից ոստիկանություն են բերվել քաղաքացիներ: Հորդորում ենք միջադեպը չօգտագործել քաղաքական նպատակներով ու նկատառումներով: Չմոռանանք, որ ոստիկանությունը առաջին իսկ օրվանից մասնակիցն է մեր ազատության և անկախության համար մղվող պայքարի, և Եռաբլուրը նույնպիսի սրբավայր է նաև ոստիկանության ծառայողների համար. այնտեղ ննջում են Հայրենիքին իրենց կյանքը զոհաբերած նրանց տասնյակ ծառայակիցներ: Եվ զավակ կորցրած բոլոր ծնողների վիշտն էլ յուրաքանչյուր ոստիկան վերապրում է նույն ցավով, որ կրել ու կրում է իր զոհված ընկերների ծնողների հետ: Եռաբլուրը բոլորիս սրբատեղին է, և բոլորինս են չնվազող ցավն ու խորին խոնարհումը մեր հերոսների պայծառ հիշատակի առաջ»:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ ոստիկանության գործողություններն ուսումնասիրվում են, արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:

Միջադեպին արձագանքել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը, արձանագրել, որ ցանկացած դեպքում, և հատկապես նման զգայուն և հուզական գերլարված իրավիճակներում, Ոստիկանության ծառայողները պետք է գործեն խիստ համաչափ և զերծ մնան ֆիզիկական նման ներգործությունից։ Հակառակն անընդունելի է՝ ընդգծել է Քրիստիննե Գրիգորյանը։ Պաշտպանը հանգամանալից պարզաբանումներ կպահանջի Ոստիկանությունից, այդ թվում՝ առանձին ծառայողների գործողությունների վերաբերյալ։

 Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն