Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ. Մակրոն
Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ, չնայած Ուկրաինային աջակցելում է, բայց շարունակում է Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանելու քաղաքականությունը: TASS-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ BFMTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այո, այժմ Ռուսաստանը որոշել է անցնել էսկալացիայի նոր փուլին, մասնավորապես՝ մասնակի մոբիլիզացիայի, ինչպես նաև այն հիշեցումների, ըստ որի՝ համապատասխան սպառազինություն ունի։ Ես կարծում եմ, որ մեր պարտքն է շարունակել աջակցությունը Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր տարածքը, չնայած մենք պատերազմի մեջ չենք Ռուսաստանի հետ»,-ասել է նա։
Մակրոնը նշել է, որ, օգնելով Ուկրաինայի դիմադրությանն ու դիրքերի վերականգնմանը, Ֆրանսիան միաժամանակ կապ է պահպանում Ռուսաստանի հետ:
«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ կողմերը վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք պետք է միասին աջակցենք, որպեսզի վերականգնենք երկխոսությունը՝ խաղաղության համար»,-ասել է Մակրոնը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հրամանագիր է ստորագրել սեպտեմբերի 21-ից երկրում մասնակի զորահավաք հայտարարելու մասին: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահի ուղերձից հետո հայտարարել է, որ մասնակի զորահավաքի տակ կհայտնվեն 300 հազար ռուսաստանցիներ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: