Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոր հենակետը տեղադրել է Երևան-Էջմիածին մայրուղու 16-րդ կիլոմետրին` Զվարթնոցի մոտ: Մասնագետների համոզմամբ` ծանրաքարշ բեռների փոխադրման ընթացքում ճանապարհածածկը շատ արագ քայքայվում և փչանում է: Սրանով փորձում են նվազագույնի հասցնել վնասները: Կշռման առաջին կայանը փորձարկվել էր Սիսիանում:

Ելենա Զոհրաբյան (ՔՏՀԱՏՄ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ) - Երկրորդ ստատիկ կշեռքը տեղադրվեց Արմավիրի մարզում` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզում շինանյութերի, մասնավորապես` ավազի, քարի տեղափոխման, արդյունահանման աշխատանքների ծավալը մեծ է:

Տեսչական մարմինը միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ծանրաքաշ տրանսպորտային միջոցների կշռման գործընթացը սկսել է դեռ 2020 թվականից: Այն մարզերում, որտեղ դեռ անշարժ կշեռքների կայաններ չկան, գործում են շարժական կշեռքներ:

Մեքենաներից մեկն ավազ էր տեղափոխում, թույլատրելի զանգվածը գերազանցել էր մոտ 29 տոննայով: Տեսչականի մասնագետները փաստն արձանագրեցին, տեղում վարչական արձանագրություն կազմեցին: Կիրականցվի վարույթ, կորոշվի տուգանքի չափը:

Արամ Աղայան (ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության վարչության գլխավոր մասնագետ)- Ընդհանուր զանգվածը տրանսպորտային միջոցի եղել է 60 տոննա, 750 կգ: Սրնիների թույլատրելի զանգվածը պետք է լիներ 9.5 տոննա, տանող սրնին, սակայն, տվյալ տրանսպորտային միջոցի` մոտ 21 տոննա 980 էր, իսկ երկրորդ տանող սրնին՝ 23 տոննա 570:

Նկարահանման պահին վարորդներից շատերը դժգոհում, հրաժարվում էին մեքենան կշռել, պատճառաբանելով, որ մի անգամ տուգանվել են:

Տեսչական մարմինը ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ծանրաքարշ և մեծ եզրաչափերով բեռնված մեքենաների կշռումն իրականացնելու է 24-ժամյա ռեժիմով:

Ելենա Զոհրաբյան - Անշարժ հենակետում կշռման իրականացման գործընթացից զատ` նշեմ, որ Արմավիրի մարզում զուգահեռ իրականացվելու է նաև շարժական կշեռքներով կշռման գործընթաց` տարբեր հատվածներում, որպեսզի վերահսկողությունը և շրջանցման մեխանիզմները տվյալ ճանապարհատվածի հնարավորինս տեսչական մարմնի վերահսկողության ներքո լինեն:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանրապետության ամբողջ տարածքում նախատեսում է 7 անշարժ կայան տեղադրել: Թե կոնկրետ որ մարզերում և երբ կտեղադրի մնացած 5-ը, հայտնի չէ:

Վերջին մեկ ամսում տեսչականի մասնագետները միայն Սիսիանի հենակետում կշռել են մոտ 6200 բեռնատար, 620-ի դեպքում խախտում հայտնաբերել: Ծրագրի գործարկումից մինչև օրս շարժական և անշարժ կշեռքներով կշռվել է ավելի քան 12.000 տրանսպորտային միջոց, որից մոտ 2000-ը տուգանվել է 200.000 դրամով, չմասնատվող բեռի դեպքում՝ յուրաքանչյուր տոննան՝ 200.000 դրամ: Այդպիսի դեպքերը եղել են 8-ը: Տեսչական մարմինը օրենսդրական փոփոխությամբ է հանդես եկել, առաջարկում են տուգանքի չափը որոշել ըստ բեռնվածության աստիճանի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն