ԱՄՆ-ը փորձում է խաթարել Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. Վան Յի
Թայվանի հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձ է՝ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը։
Նա նշել է, որ Վաշինգտոնը ցանկանում է ձախողել Չինաստանի խաղաղ վերամիավորումը: Վան Յին զգուշացրել է՝ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և ԱՄՆ-ը չի կարող միջամտել առկա խնդիրների կարգավորմանը։
«Թայվանը ձգտում է անկախանալ, դա լրջորեն նվազեցնում է խաղաղ կարգավորման հնարավորությունը»,- ընդգծել է դիվանագետը:
Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Թայվանի նեղուցում կայունության պահպանմանը՝ «Մեկ Չինաստան» սկզբունքին համապատասխան։
Կողմերն անդրադարձել են նաև Ուկրաինայի շուրջ զարգացումներին: Պետքարտուղարը զգուշացրել է՝ եթե Չինաստանը փորձի աջակցել Մոսկվային, Վաշինգտոնը համապատասխան հակազդող քայլերի կդիմի: