Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումները, որոնք լայնամասշտաբ պատերազմի կարող են հանգեցնել՝ «ուշագրավ» էր ադրբեջանական կողմին հղվող մեղադրանքներով, թե Ադրբեջանն այդպիսով ցանկանում է ստանալ այդքան բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», ինչն ի սկզբանե անընդունելի է պաշտոնական Երևանի համար:

Տնտեսագետ Ռամազ Գեռլիանին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ կոնֆլիկտի վերսկսմամբ պայմանավորված` տուժում են ոչ միայն կոնֆլիկտի մասնակից երկրները, այլ նաև հարևանները, քանի որ այդ երկրների տնտեսական ակտիվությունը կամ պասիվությունն ուղղակիորեն ազդում է նաև հարևան երկրների տնտեսության վրա:

Նրա խոսքով, հայ-ադրբեջանական, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում ցանկացած կոնֆլիկտի առկայություն բացասաբար է անդրադառնում Վրաստանի տնտեսության վրա:

«Հայաստանն ու Ադրբեջանը Վրաստանի համար կարևոր և առաջնային առևտրային գործընկերներ են, հետևաբար` պատերազմի կամ պատերազմական գործողությունների պատճառով կրճատվում են նրանց տնտեսական ունակությունները, և Վրաստանի տնտեսությունն իր վրա զգում է այդ հակամարտության անուղղակի ազդեցությունը»,- ասում է տնտեսագետը:

Խոսելով «Զանգեզուրի միջանցքի» հնարավոր բացման հետևանքով Վրաստանի տնտեսության վրա ազդեցության մասին, Գեռլիանին նկատում է՝ դա Վրաստանին կորուստներ կբերի.

«Ցանկացած միջանցքի բացում Վրաստանի վրա ուղղակի բացասական ազդեցություն կունենա, քանի որ Վրաստանի առևտրային երկու հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, կունենան Վրաստանի տարանցիկ ճանապարհի այլընտրանք, ինչն էլ միանգամից կազդի Վրաստանի տնտեսության վրա»:

Վրաստանի առաջին խորհրդարանի անդամ, ագրարային և բնապահպանական փորձագետ Բիձինա Գիորգոբիանին ասում է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունն ուղղակիորեն վերաբերում է Վրաստանին և մեծ վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։

Փորձագետի խոսքով, Վրաստանը Անդրկովկասում կայունության որակական երաշխիք է և կարող է դրականորեն օգտագործել հարևան երկրներին մերձեցնելու և հակամարտությունում հուսալի միջնորդի դեր կատարելու հնարավորությունները։

«Ինչ վերաբերում է նշված հակամարտության ազդեցությանը Վրաստանի տնտեսության վրա, ապա, իհարկե, եթե հակամարտությունը խորանա, ապա դա բացասաբար կանդրադառնա նաև Վրաստանի վրա»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Գիորգոբիանին:

Նրա խոսքով, որքան շատ լինեն տրանսպորտային միջանցքները և այլ տեսակի հաղորդակցությունները Վրաստանում և ընդհանրապես Անդրկովկասում, այնքան ավելի լավ կլինի.

«Այս տարածաշրջանում այնպիսի բեռնաշրջանառություն է սպասվում, որ երկրներն իրականում չեն մրցի միմյանց հետ։ Թե՛ տնտեսագիտության մեջ, թե՛ քաղաքական հարաբերություններում բարի կամքն ու ճիշտ պլանավորումն ավելի կարևոր են, քան մրցակիցների դեմ պայքարելը»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն