G7-ի երկրների ղեկավարները տեսակապով կքննարկեն Ուկրաինայի իրավիճակը
Երկուշաբթի Կիևում տեղի ունեցած պայթյուններից հետո G7-ի երկրների ղեկավարները մտադիր են երեքշաբթի տեսակապով քննարկել Ուկրաինայի իրավիճակը, որին կմասնակցի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է РИА Новости-ն:
Զելենսկու գրասենյակից հաղորդել են, որ ռուսական հարձակումների թիրախում են եղել նաև Զապորոժիեի, Վիննիցայի, Սումիի և Ժիտոմիրի էներգետիկ օբյեկտները:
Զելենսկին հայտարարել է, որ օդային տագնապը չի մարում ամբողջ Ուկրաինայում, հրթիռակոծությունը շարունակվում է, պայթյուններից հետո որոշ շրջաններ հոսանքազրկվել են, չկա նաև ջուր։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի Զելենսկու հետ զրույցում մտահոգություն է հայտնել Կիևում տեղի ունեցած պայթյունների կապակցությամբ և Ուկրաինային հավաստիացրել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, հաղորդել է AFP գործակալությունը:
Եվրոպան անհանգստություն է հայտնել նաև Ուկրաինայի հետ սահմանին Ռուսաստանի և Բելառուսի զորքերի նոր համատեղ խմբավորման տեղակայման առիթով: Եվրամիությունը համոզված է, որ դա կհանգեցնի իրավիճակի նոր սրման և զգուշացրել է, որ անպատասխան չեն թողնի նման քայլը։ Այս մասին հայտարարել են Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։