Ղրիմի կամրջի պայթեցման վերաբերյալ ՌԴ ԱԴԾ հայտարարությանն արձագանքել են Հայաստանի պետական կառույցները
ՌԴ ԱԴԾ-Ն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՂՐԻՄԻ ԿԱՄՐՋԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ
Ղրիմի կամրջի վրա պայթյունը նախապատրաստել և իրականացրել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները, հայտնել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը: Կառույցի տվյալով՝ պայթուցիկ սարքը օգոստոսի սկզբին Օդեսայի նավահանգստից տեղափոխվել է Բուլղարիայի Ռուսե քաղաք, ապա հասել վրացական Փոթի նավահանգիստ, այնտեղից Հայաստան, այնուհետև Վրաստանի տարածքով և Վերին Լարսի անցակետով տեղափոխվել է Ռուսաստանի Արմավիր քաղաք:
ՀՀ ՊԵԿ-Ի ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տարածած հաղորդագրությունից հետո Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել և ներկայացրել է դեպքերի ընթացքը: Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության` սեպտեմբերի 26-ին Փոթի նավահանգստում բուլղարական «BALTEX CAPITAL S.A.» կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ անունով բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին, բեռնատար ավտոմեքենան մտել է Հայաստանի տարածք։ Բեռնատարի ղեկին եղել է Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին` ժամը 15:00-ին, բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո` ժամը 16:53-ին, բեռը հայտարարագրվել է «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքնագրի տվյալների։ Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ։ Դուրս գալով մաքսային տարածքից, «Border Cross» համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը: Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։
Արդեն հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ի առավոտյան 9:43-ին, «Ալյանս տերմինալ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված» կարգավիճակ, և արդեն սեպտեմբերի 29-ին` ժամը 16:12-ին, հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում: Առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը։ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկում ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել է հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու` 2022 թ-ի սեպտեմբերի 30-ին` ժամը 10:24-ին, նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարգիր, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական «Лидер» ООО)։ Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։ Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։
Արդյունքում սահմանված գործընթացն ավարտելուց հետո սեպտեմբերի 30-ին, ժամը` 16:16 տարանցման հայտարարգիրը ստացել է «թույլատրված» կարգավիճակ: Ըստ ՊԵԿ-ի հաղորդագրության, տվյալ բեռնատարը պահեստում գտնվելու ընթացքում եղել է տեսախցիկների հսկողության տակ, Հայաստանում այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով: Բեռնատարը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել հոկտեմբերի 1-ին` կեսգիշերից 15 րոպե անց: 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, ստացվել է նույն պատկերը, ինչ Հայաստան ներմուծելու ժամանակ էր: Ռենտգեն զննումից հետո Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ: Տարանցման հայտարարգիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է հոկտեմբերի 5-ին։
ՀՀ պետական եկամուտների կոմիտե - Այսպիսով, բեռի` Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննման, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել: Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում:
Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հաղորդագրության համաձայն` բեռնատարը հոկտեմբերի 7-ին Կրասնոդարի Արմավիր քաղաքում բեռնաթափվել է և բարձվել մեկ այլ մեքենայի մեջ, որն էլ ուղղություն էր վերցրել դեպի Ղրիմ: Դեպքի առիթով ձերբակալվել են Ռուսատանի 5, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ: Այս տեղեկությունները ուսումնասիրել է նաև Հայաստանի գլխավոր դատախազությունը, հայտնել, որ հետևողական է լինելու հրապարակված տեղեկության հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու համար:
ՀՀ գլխավոր դատախազություն - Նկատի ունենալով, որ հրապարակումը պարունակել է առերևույթ հանցանքի մասին վկայող տեղեկություններ՝ Գլխավոր դատախազությունը դրանք հասցեագրել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու հանձնարարությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի վրա բեռնատար ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցել: Վերջին տվյալով՝ միջադեպի հետևանքով զոհվել է չորս մարդ։