Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ։

France 2 հեռուստատեսությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է բորբոքել՝ հօգուտ Ադրբեջանի։

 «Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսվեց. դա միջազգայնորեն չճանաչված և վիճելի տարածք է։ Ադրբեջանը սարսափելի պատերազմ սանձազերծեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը։ Այս սեպտեմբերին էլ Ադրբեջանը հարձակողական գործողություններ ձեռնարկեց Հայաստանի սահմանի երկայնքով, որ, հավանաբար, կարողանա միջանցք բացել իր տարածքի երկու հատվածի միջև։ Մենք դատապարտեցինք այդ քայլը։ Այդ սահմանին արդեն երկու տարի 5000 ռուս զինվոր է տեղակայված։ Ռուսաստանը օգտվեց այս հակամարտությունից, միջամտեց և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ Թուրքիայի հանցակցությամբ»,- ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը խոսել է քառակողմ հանդիպման արդյունքների մասին․

«Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպեցինք Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ ու որոշեցինք, որ կողմերը, նախևառաջ, պետք է պարտավորվեն ճանաչել 1991 թ. սահմանները, ինչպես նաև համաձայնեն սահմանին եվրոպական առաքելության տեղակայմանը, որը պետք է հետևի տեղում իրավիճակին, որ սահմանը չխախտվի»։

Այս շաբաթվա սկզբին Ռուսաստանը ԵՄ առաքելությունն անվանել է «միջամտություն» Մոսկվայի ջանքերին՝ կարգավորելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունները։

«Ցավոք, այստեղ մենք տեսնում ենք Եվրամիության հերթական փորձը՝ որևէ կերպ միջամտելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ճնշելու մեր երկրի միջնորդական ջանքերը», — ասել էր ՌԴ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք ելնում ենք նրանից, որ Բաքվի և Երևանի հաշտեցման, տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարաժամկետ կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրականացումն է»,-հավելել է Զախարովան։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն