Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ՝ Հարավային Կովկասում ՌԴ-ի դերի վերաբերյալ «այլասերված և անընդունելի» հայտարարությունը կարելի է բացատրել իրականության թերի ընկալման դիրքորոշմամբ:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները սադրելու համար:

«Ի՞նչ է տեղի ունեցել սահմանին վերջին երկու տարում։ 5000 ռուս զինվորներ գտնվում են այնտեղ՝ իբր թե սահմանների պահպանությունը երաշխավորելու համար, սակայն ռուսներն օգտվեցին այս հակամարտությունից, ադրբեջանական խաղը խաղացին՝ թուրքական մասնակցությամբ, որպեսզի թուլացնեն Հայաստանը, մի երկիր, որի հետ նախկինում մտերիմ էին»,- ասել է Մակրոնը՝ հավելելով՝ «պարզ ասած, Ֆրանսիան այստեղ է, ներկա է և միջնորդ ուժ է, իսկ հայերին չենք լքի»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան աղաղակող և բացարձակապես անընդունելի է համարել Մակրոնի հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը օգտագործում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։

Պուտինը հայտարարել է, որ զարմանքով կարդացել է Մակրոնի հայտարարությունները Ղարաբաղի հարցում ՌԴ դերի մասին։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կողմնակալ և անընդունելի է համարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները Հարավային Կովկասում և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն