Ազգային շահերը պաշտպանելու համար սեղանին են բոլոր տարբերակները. իրանահայ պատգամավոր
Ազգային շահերը պաշտպանելու համար սեղանին են բոլոր տարբերակները, parstoday. com-ի փոխանցմամբ՝ ասել է Իրանի խորհրդարանում հյուսիսային իրանահայության ներկայացուցիչ Արա Շավերդյանը` անդրադառնալով Արաքսի ընդհանուր գոտում ԻՀՊԿ ցամաքային զորավարժություններին։
Պատգամավորը նշել է. «Իսլամական Հանրապետությունը բազմիցս նախազգուշացրել է իր սահմանների մոտ աշխարհաքաղաքական փոփոխությունները չհանդուրժելու մասին»։
Նաև հավելել է. «Այս զորավարժություններում առաջին անգամ իրականացվել է Արաքսից տեխնիկա տեղափոխելու գործողությունը, որը ցույց է տալիս, որ ազգային շահերը պաշտպանելու համար բոլոր տարբերակները սեղանին են և դա կատակ չէ»:
Իրանն հոկտեմբերի 17-ին լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում, դրանց մասնակցում են Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, ներգրավված են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր ու հարվածային զինատեսակներ։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հոկտեմբերի 14-ին Աստանայում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանն ասել էր, որ չի հանդուրժի պատմական սահմանների, տարածաշրջանային քաղաքականության և հայ֊իրանական տարանցիկ ճանապարհների որևէ փոփոխություն: Այդ մասին թվիթերյան գրառում էր արել Իրանի նախագահական աշխատակազմի քաղաքական հարցերով պատասխանատու Մոհամադ Ջամշիդին: