Խերսոնում իրավիճակը բարդ է, հնարավոր է կայացվեն ոչ սովորական որոշումներ, հայտարարել է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինը «Ռոսիա 24»-ի եթերում:

Հրամանատարի խոսքով ՝ Ռուսաստանը տվյալներ ունի Կախովի ՀԷԿ-ի ամբարտակին և քաղաքին ուկրաինական ուժերի կողմից տարերային հրթիռային հարվածներ հասցնելու մասին, որոնք կարող են հանգեցնել ենթակառուցվածքների ոչնչացման և քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի:

«Ուկրաինական ուժերը նպատակաուղղված հարվածներ են հասցնում Խերսոնի ենթակառուցվածքային օբյեկտներին և բնակելի տներին, սոցիալական, տնտեսական և արտադրական ենթակառուցվածքների օբյեկտներին։ HIMARS համակարգերի արկերով վնասվել են Անտոնովի կամուրջը և Կախովի ՀԷԿ-ի ամբարտակը, քաղաքում դժվարացել են սննդի, ջրի մատակարարումները, էլեկտրականության հետ կապված խնդիրներ են առաջացել»,- նշել է Սուրովիկինը:

Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն էլ հայտնել է, որ շրջանի չորս համայնքի խաղաղ բնակչությունը կտեղափոխվի Դնեպրի ձախ ափ: Այս որոշումը նա բացատրել է «լայնածավալ պաշտպանական ամրություններ ստեղծելու ծրագրով, որպեսզի ցանկացած հարձակում հետ մղվի»,- գրում է Interfax-ը։

Սալդոն պարզաբանել է, որ Խերսոնի շրջանի այն բնակիչներին, որոնք կորոշեն տեղափոխվել Ռուսաստանի մարզեր, Ռուսաստանի կառավարությունը բնակարանային վկայագրեր կտրամադրի։ Նա նաև բոլորին խնդրել է հանգստություն պահպանել, խուճապի չմատնվել։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն