9 ամսվա հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են ավելի քան 1 տրիլիոն 412 մլրդ դրամ
Հունվար-սեպտեմբերին պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը կազմել են ավելի քան 1 տրիլիոն 412 մլրդ դրամ: Սա 9 ամսվա համար նախապես հաստատված ցուցանիշը գերազանցում է 5.8 տոկոսով կամ 77.2 մլրդ դրամով: 2021-ի 9 ամսվա համեմատ ցուցանիշն ավելի է 24.2 տոկոսով, 2020-ի 9 ամսվա համեմատ՝ 38.9, իսկ 19-ի՝ 30.9 տոկոսով:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Հիմնական հարկատեսակները, եթե նայում ենք, բավական մեծ, այսպես ասած, ծավալային աճ ենք նկատում: Մասնավորապես, պետական տուրքի մասով, բնապահպանական հարկի բնօգտագործման վճարների մասով, մաքսատուրքի, ԱԱՀ-ի հետ կապված, նաև՝ սոցվճարների: Մի խոսքով՝ ցուցանիշները դրական են:
Հարկեր գեներացնող հիմնական ոլորտները, մասնագետի տեղեկացմամբ, շարունակում են մնալ առաջին հերթին ավանդական ճյուղերը, որոնցից մեկն էլ հանքարդյունաբերությունն է:
Կարեն Սարգսյան - Սակայն ընդհանուր պատկերի մեջ դրական տեղաշարժ կա նաև արդյունաբերության ոլորտում, առևտրի ոլորտում, և ըստ այդմ կարծում եմ՝ հետագայում ևս կբարելավվեն այս ցուցանիշները:
Ըստ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ հարկահավաքման այս տեմպը ՊԵԿ-ի արդյունավետ վարչարարության մասին է վկայում, ինչի արդյունքում ստվերը նվազում է:
Սերգեյ Բագրատյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Եթե նախկինում տվյալ տնտեսվարողը դիտարկում էր միայն իր շահութաբերությունը, հավանաբար նաև էս արտաքին վտանգները մեր գործարարներին բերեցին նաև պետականության նկատմամբ պատասխանատվության բարձրացման և այս համագործակցության արդյունքում մենք ունենում ենք իսկապես հրաշալի իրավիճակ, երբ ակտեր գրելով կամ ճնշման, վարչական մեթոդներով չի աշխատում ՊԵԿ-ը:
Բագրատյանը նշում է, որ նաև անցումային գերավճարի գծով բավական դրական միտումներ կան, ինչը խոսում է, որ, այսպես ասած, մաքուր հարկային եկամուտներ են հավաքագրվել:
Սերգեյ Բագրատյան - Անցումային գերավճարը ընդամենը 38 մլն դրամ է եղել: Սա զարմանալի թիվ է եղել: Համեմատության համար ասենք, որ անցումային գերավճարը 2019 թվականին 137 մլրդ դրամ է եղել: Այսինքն՝ մենք չենք օգտագործել այս թիվը ստանալու համար որևէ գերավճար, որևէ ցուցանիշ, որը տարիներ շարունակ իսկապես վիճելի էր դարձնում հարկային մուտքերը:
Մասնագետները վստահ են՝ այս պահին տեսանելի խոչընդոտներ չկան, որոնք կխանգարեն տարվա համար նախատեսված ցուցանիշները կատարելուն: Սրան զուգահեռ՝ պետությունը 9 ամսում քաղաքացիներին եկամտային հարկի գծով վերադարձրել է 25.8 մլրդ դրամ, ինչը մոտ 10 մլրդ-ով ավելի է 2021-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան