Երեկ՝ հուլիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների ականապայթունային, բեկորային վիրավորում, գլխի սալջարդ վերք, փակ գանգուղեղային վնասվածք հարցական» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Հրազդան քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Լև Ասրյանն է։

Այնուհետև ոստիկանները, իրականացնելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 19։10-ի սահմաններում նա հիվանդանոց է տեղափոխվել Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի 33 շենքի բակում գտնվող տաղավաարից, որտեղ, լինելով միայնակ, նռնակ է պայթեցրել, ինչի արդյունքում էլ վնասվածքներ է ստացել։ Կարճ ժամանակ անց ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ Լև Ասրյանը, հնարավոր է, տանը զենք-զինամթերք ունենա և այցելում են նրա բնակության վայրը, որտեղ այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում կարողանում են որոշ հանգամանքներ պարզել, որից հետո կինը իրենց տան պատշգամբի պահարանից ոստիկաններին է ներկայացնում պայուսակներ, որոնց մեջ հայտնաբերվում է 2 հատ «Ֆ1» տիպի նռնակ, 1 հատ «ՌԳԴ 5» տիպի նռնակ, 3 հատ նռնակի պայթուցիչներ, 119 հատ 7.62 տչ փամփուշտներ և նռնակի պլաստմասե կափարիչ։

Շամշյանի տեղեկություններով՝ կինը ոստիկաններին հայտնել է, որ նշված զինամթերքը պատկանում է իր ամուսնուն, ով դրանք ձեռք է բերել 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում։ Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն