Ռումինիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների օգտին հայտարարությունների պատճառով
Ռումինիայի պաշտպանության նախարար Վասիլե Դինկուն հրաժարական է տվել Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսի հետ տարաձայնությունների պատճառով։ Այդ մասին նա հոկտեմբերի 24-ին գրել է Facebook-ի իր էջում՝ հրապարակելով համապատասխան նամակ՝ ուղղված Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեին։
Խորհրդարանական «Միություն հանուն Ռումինիայի փրկության» կուսակցությունը ավելի վաղ խնդրել էր վարչապետ Նիկոլաե Չուկեին հեռացնել Դինկուին զբաղեցրած պաշտոնից՝ նրա հայտարարություններից հետո, թե ուկրաինական ճգնաժամը կարող է ավարտվել միայն Ռուսաստանի հետ բանակցությունների միջոցով։
«Այսօր առավոտյան ես հանձնեցի Ազգային պաշտպանության նախարարի պաշտոնից իմ հրաժարականի դիմումը։ Այս ժեստն անում եմ Ռումինիայի նախագահի հետ համագործակցության անհնարինության հեռանկարով։ Ես անհրաժեշտ եմ համարում, որ իմ հեռանալն այս պաշտոնից որևէ կերպ չազդի որոշումների կայացման գործընթացների և ծրագրերի վրա»,- գրել է Դինկուն։
Յոհանիսն իր հերթին ավելի վաղ նշել էր, որ միայն Ուկրաինան պետք է որոշի, թե երբ և ում հետ բանակցել։
Հոկտեմբերի 23-ին Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիայի տեղակայումը Ռումինիայում «աշխարհն ավելի է մոտեցնում» «կատարյալ փոթորկին»:
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ օդադեսանտային ուժերի 101-րդ դիվիզիայի հրամանատարները հայտարարել են, որ պատրաստ են հատել սահմանը և մտնել Ուկրաինայի տարածք՝ հակամարտության սրման դեպքում։ Ներկայում հաղորդվում է, որ դիվիզիան արդեն տեղակայվել է Ռումինիայում՝ զորավարժություններին մասնակցելու համար։
Դեռ հունվարի 26-ին Ռումինիայի նախագահը հայտարարել էր, որ երկրի անվտանգության բարձրագույն խորհուրդը սկսել է քայլեր ձեռնարկել իր տարածքում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունը մեծացնելու ուղղությամբ։