Տղամարդուն 12 դրվագով մեղադրանք է առաջադրվել նախկին կնոջ և ոստիկանների նկատմամբ բռնության համար
Տղամարդը ցանկանում էր մտնել նախկին կնոջ բնակարան, մինչդեռ իրավապահների որոշմամբ՝ կար 200 մետր հեռավորություն պահպանելու որոշում:
Նարեկ Մովսիսյան (Դատախազության Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ) - 47-ամյա տղամարդը պարբերաբար բռնություն է գործադրել իր նախկին կնոջ և նրա ծնողների նկատմամբ, որի արդյունքում վերջիններիս առողջությանը պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ինչպես նաև ֆիզիկական ցավ:
Տղամարդը, այդպիսով, խախտել է Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության 7-րդ հոդվածով անհետաձգելի միջամտություն կիրառելու որոշման պահանջները: Ըստ այդ հոդվածի` եթե ընտանիքի անդամը մյուսի նկատմամբ բռնություն է գործադրել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման վերաբերյալ, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանությունը կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում:
Անդրադառնալով կոնկրետ դեպքին, ըստ դատախազի` տղամարդը բռնություն է գործադրել նաև ոստիկանների նկատմամբ:
Նարեկ Մովսիսյան - Կրկին ահազանգը դեպքի վերաբերյալ ստացվել է տուժողների կողմից, որ վերջինս, խախտելով իր նկատմամբ ոստիկանների կողմից կայացված անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները, այցելել է նրանց բնակության վայր: Նշված ահազանգի հիման վրա ոստիկանները գնացել են դեպքի վայր, որտեղ վերջինս աղմկել է, պահանջել են, որ դադարեցնի հակահասարակական վարքագիծը, վերջինս չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, դիմադրություն է ցուցաբերել և կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նշված ոստիկանների նկատմամբ:
47-ամյա տղամարդուն նախկինում մեղադրանք է առաջադրվել առողջությանը թեթև վնաս պատճառելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար, սակայն դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը:
Նարեկ Մովսիսյան - Իմ կողմից պահանջվել և ուսումնասիրվել են քրեական վարույթի նյութերը, որի արդյունքում պարզվել է, որ առկա են նշված տղամարդու կողմից նշված արարքները վկայող բավարար ապացույցներ, որոնց հիման վրա իմ կողմից որոշում է կայացվել նշված անձի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Այսպիսով՝ 47-ամյա տղամարդու նկատմամբ հետապնդում է սկսվել 12 դրվագով՝ առողջության թեթև վնաս պատճառելու, ծեծի, ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, անհետաձգելի միջամտություն կիրառելու մասին որոշման պահանջները խախտելու համար: Նա օրեր առաջ ձերբակալվել, ապա կալանավորվել է: «Լուրերը» փորձեց մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում ճշտել 47-ամյա տղամարդու պաշտպանից, նա, սակայն, հրաժարվեց մեկնաբանություն տալ:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան