Հնդկաստանում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը.
Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում կախովի կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 141-ի, փրկվել է 177-ը։ Ինչպես երկուշաբթի հայտնել է NDTV-ն, անհետ կորածների որոնումները շարունակվում են։
Ավելի վաղ տեղական իշխանությունները հայտնել էին 130 զոհի մասին։ Փրկարարների կարծիքով՝ աղետի զոհերի թիվը դեռ կարող է աճել։
Արարատ Միրզոյանը ցավակցել է Հնդկաստանի ժողովրդին և Կառավարությանը
Կիրակի երեկոյան Գուջարաթ նահանգի Մորբի թաղամասում Մաչհու գետի վրա կամուրջ է փլուզվել։ Ընդհանուր առմամբ կամրջի վրա այդ պահին եղել է մոտ 500 մարդ։
Փրկարարական աշխատանքները ողջ գիշեր չեն դադարել, լուսադեմին ակտիվացել են փրկարարական աշխատանքները։ Տեղում են Աղետների արձագանքման ազգային ուժերի հինգ խմբեր, որոնց միացել են բանակի, ռազմածովային և ռազմաօդային ուժերի ռազմական փրկարարները:
Պաշտոնական տվյալներով՝ մոտ 20 մարդ ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Տեղի հիվանդանոցում մեկուսարան է ստեղծվել՝ կամրջի փլուզումից տուժածներին բուժելու համար: