Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ընթացքի մեջ է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն 5 ծրագիր, որոնց դիտարկման նպատակով այցելել եմ համապատասխան շինհրապարակներ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«2022 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվում է 11-րդ փողոցը, գազիֆիկացվում են 4-րդ, 38-րդ, 39-րդ և 40-րդ թաղամասերը, կառուցվում է ոռոգման ջրատարի արտաքին ցանց, և կապիտալ նորոգման է ենթարկվում Բանավան թաղամասի մանկապարտեզի շենքը։ Իսկ 2021 թվականին հաստատված և 2022 թվական տեղափոխված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տուֆ քարով սալարկվում են ներհամայնքային փողոցները։



Բանավան թաղամասի մանկապարտեզի կապիտալ վերանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 209 միլիոն 280 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսին և կավարտվեն 2023 թվականի ընթացքում։

Վարդենիկի ոռոգման ջրատարի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Կառուցվող ջրատարի երկարությունը կազմում է 2840 մետր։ Շինարարական աշխատանքները սկսվել են 2022 թվականի սեպտեմբերից և ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։

Վարդենիկի 11-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 100 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2022 թվականի սեպտեմբերից և այժմ գտնվում են ավարտական փուլում։ Ասֆալտապատվող ճանապարհի երկարությունը կազմում է 1100 մետր, մակերեսը՝ շուրջ 6 հազար քառակուսի մետր։

Վարդենիկի թաղամասերի գազիֆիկացման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 960 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են սեպտեմբեր ամսին և իրականացվել շուրջ 60 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել մինչև տարեվերջ։ Ծրագրի իրականացման արդյունքում բնական գազից օգտվելու հնարավորություն կունենան շուրջ 350 ընտանիք։



Վարդենիկի չորս փողոցների սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 284 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքները ավարտվել են մոտ 60 տոկոսով։ Ծրագրի ավարտի ժամկետ էր սահմանված մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը, սակայն շինարարները չեն կարողացել պահպանել սահմանված ժամկետները։

Այցի ընթացքում զրուցել եմ շինարարների հետ, ծանոթացել շինարարության ժամանակ ի հայտ եկած խնդիրներին։ Նկատված թերությունների շուրջ եղան դիտողություններ և առաջարկություններ՝ սեղմ ժամկետներում դրանք շտկելու համար։

Աշխատանքներն ընթանում են բավականին հուսադրող տեմպերով, սահմանված ժամկետների մեջ, դիտարկման արդյունքները գոհացուցիչ են, և կան բավարար նախադրյալներ, որ բոլոր ծրագրերն ավարտի կհասցվեն մինչև տարեվերջ։ Այս ծրագրերի իրականացման արդյունքում Վարդենիկում լուծվում են կենսական կարևոր նշանակության խնդիրներ, որոնց իրագործմանը բնակչությունը սպասում էր տասնամյակներ շարունակ։ Առաջիկա տարիների ընթացքում ևս Վարդենիկում սուբվենցիոն և այլ ծրագրերի միջոցով կիրականացվեն առաջնահերթ լուծում պահանջող նոր ծրագրեր, նկատելի զարգացում կապրեն ենթակառուցվածքները, կբարելավվեն մարդկանց կենսապայմանները։



Միայն մտահոգիչ է մնում իրավիճակը ներհամայնքային փողոցների սալարկման աշխատանքների ուղղությամբ։ Նման անորակ, սահմանված ժամկետների խախտումներով իրականացվող աշխատանքը, անշուշտ, կարժանանա համարժեք պատասխանի և քայլերի, քանի դեռ չեն շտկվել նկատված կամ արձանագրված թերությունները»,- Ֆեյսբուքի էջում գրել է մարզպետը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն