Ուկրաինայի ամբողջ տարածքում կրկին օդային տագնապ է հնչել
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 31-ի առավոտյան, ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի քաղաքները, գրում է Euronews-ը։
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարված։ Կիևում մի քանի պայթյուն է հնչել, Ուկրաինայի մայրաքաղաքի որոշ շրջաններում անջատվել են էլեկտրաէներգիան և ջուրը։
Հաղորդվում է նաև Խարկովի վրա հրթիռային հարձակումների մասին, այստեղ դադարեցվել է մետրոյի աշխատանքը, քաղաքում չեն աշխատում տրամվայներն ու տրոլեյբուսները։ Սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Խարկովում պայթյունների մասին։
Հրթիռային հարվածներ են հասցվել Զապորոժիեի և Չերկասի շրջանի ենթակառուցվածքների կարևորագույն օբյեկտներին։ Մարզերում դադարեցվել են էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումները։
Ռուսական բանակի հրթիռակոծության պատճառով պայթյուններ են եղել Ժիտոմիրի և Ռիվնեի շրջաններում, նաև Լվովի մարզում։
Ուկրաինայում երկաթուղային գծերի մի մասը հոսանքազրկվել է ենթակառուցվածքի օբյեկտների վրա հարձակումներից հետո, երթուղիներում օգտագործվում են դիզելային լոկոմոտիվներ։
Ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնել է Ուկրաինայի օդային տարածքում 40 ռուսական հրթիռների մասին։