Այս տարի պեղումներ իրականացնելու համար տրվել է 47 հայտի թույլտվություն
2022 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի նիստերում քննարկվել են 2021 թվականին տրված 50 հնագիտական պեղման թույլտվությունների հիման վրա ներկայացված հաշվետվությունները: Պեղումներ իրականացնելու համար թույլտվություն է (բաց թերթիկ) տրվել 2022 թվականին կատարվելիք 47 պեղման հայտի:
Պեղումներ են իրականացվում Երևան քաղաքի Կարմիր բլուր հնավայրի (հնագետ՝ Միխայիլ Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հայանիստ գյուղի «Ոսկեբլուր» վաղ բրոնզեդարյան բլուր բնակատեղիի (հնագետ՝ Ռուբեն Բադալյան), ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ գյուղի Դվին քաղաքատեղի, Ստորին բերդի (հնագետ՝ Համլետ Պետրոսյան), ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Եղեգիս-1 քարայր կացարանի (հնագետ՝ Կարեն Ազատյան) տարածքներում:
Ներկայում պեղումներ են ընթանում նաև ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Համլետավան գյուղի 17-18-րդ դդ. մատուռի և Բարաբաթում (Պառավաթումբ) բանավանի Սուրբ Հռիփսիմե (17-19-րդ դդ.) եկեղեցու (հնագետ՝ Լևոն Մկրտչյան) տարածքներում: