Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության համար. «Մենք հատկապես կարևորում ենք միջազգային գործընկերների և մասնավոր կառույցների հետ համագործակցությունը՝ մեր երկրում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կրթության որակի բարձրացման առումով։ Առաջնային ենք համարում մասնավորապես Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի մասնագիտական կրթական ծրագրերի զարգացումն ու արդիականացումը, մասնագիտական կրթություն ստանալու նոր հնարավորությունների ապահովումը, փորձի փոխանակումը, որոնց նպատակն է նպաստել երկրի տնտեսության զարգացմանը: ՄԿՈՒ ոլորտը մեր կրթության համար ռազմավարական նշանակություն ունի, և մենք պատրաստ ենք բազմակողմանի համագործակցություն ծավալելու համար»:
Ֆրանսիական կողմի աջակցությամբ քոլեջում ներդրվել է «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» նոր մասնագիտությունը` նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով։ Այս ուսումնական տարում առաջին անգամ կատարվել է ընդունելություն՝ արձանագրելով մրցակցության աննախադեպ բարձր ցուցանիշ:
Քոլեջում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները, ուսումնական գործընթացում ներգրավված են լինելու նաև ֆրանսիացի դասախոսներ: Ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, տեղայնացվելու են նաև ֆրանսիական կրթական չափորոշիչները և մանկավարժական մեթոդները:
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն ուրախությամբ նշել է, որ այս համագործակցության նպատակն է զարգացնել գյուղատնտեսությունն ու կրթությունը:
Ընտրվել է հենց այս քոլեջը՝ հաշվի առնելով Ֆրանսիայի հայկական հիմնադրամի առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակության անդամները, Տավուշի մարզպետի, Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի համայնքապետերի, մարզի բարձրագույն և միջին մասնագիտական կրթական կառույցների ղեկավարների ուղեկցությամբ շրջայց են կատարել քոլեջում, մանրամասն ծանոթացել կատարված աշխատանքներին:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջը վերակազմակերպվել է «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ» հիմնադրամի: Հաստատությունում շարունակվելու է ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի, զուգահեռաբար աշխատանքներ են տարվելու նոր ագրոմասնագիտությունների ներդրման նպատակով: