Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը. Զախարովան՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության թղթակցի հարցին, ասել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող հնարավոր ճանապարհի դեպքում իրենք օգտագործում են ոչ թե «միջանցք», այլ «երթուղի» տերմինը:
«Անադոլու» գործակալության լրագրողը Մարիա Զախարովային հարցրել է, թե ինչպե՞ս է ՌԴ-ն գնահատում ջանքերը «Զանգեզուրի միջանցքի» կազմակերպման ուղղությամբ, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ:
Մարիա Զախարովան պատասխանել է. «Մենք օգտագործում ենք «երթուղի» տերմինը: Տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը քննարկվել է Սոչիի գագաթնաժողովի ընթացքում, և պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համատեղ աշխատանքը շարունակվելու է երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի շրջանակներում»: