Սոցիալական խնդիրների լուծումը լինելու է մեր գլխավոր նպատակը: Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Մեր աշխատանքի արդյունքը պետք է լինի Հայաստանում ապրող մարդկանց ավելի լավ ապրելը: Մենք 50 հազարով ավելացրել ենք աշխատատեղերը, որն ազդել է 50 հազար ընտանիքի բարեկեցության մակարդակի վրա: Չեմ ժխտում, որ տարեվերջին կարող ենք ունենալ աղքատության ավելի բարձր ցուցանիշ, որովհետև ունենք շատ բարձր ինֆլյացիա, որը մեզնից կախված պատճառներով չի առաջացել Հայաստանում և աշխարհում: Ես առաջարկում եմ սպասել պաշտոնական թվերին, բայց այն, որ Կառավարությունն աշխատում է այն ուղղությամբ, որ սոցիալապես անապահով մարդկանց եկամուտներն աճեն ավելի արագ, քան պարենային զամբյուղի թանկացումը, դա փաստ է»,- ասաց Վահան Քերոբյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության համար ամենակարևոր խնդիրը տնտեսության կառուցվածքային ձևափոխումն է, այնպես անել, որ արդյունաբերական ընկերությունները դառնան ավելի բարձր արտադրողական:

«Մեր աշխատանքը ընկերությունների հետ ուղղված է նրան, որ նրանք մոդեռնիզացվեն և դառնան բարձր արտադրողական: Մեր ամենագլխավոր նախագիծը, իհարկե, տնտեսության արդիականացման ծրագիրն է, որի շրջանակում մենք ընկերություններին կոչ ենք անում ձեռք բերել նոր սարքավորումներ, հոսքագծեր, վարձել բարձրակարգ մասնագետներ, իսկ մենք սուբսիդավորում ենք ծախսերի զգալի մասը, և արդեն 300-ից ավելի ընկերություն օգտվել է այդ ծրագրից, ձեռք են բերել նոր սարքավորումներ, որպեսզի դառնան ավելի բարձր արտադրողական»,- նշեց նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն