Հայաստանում մոտ 150 կրթահամալիր կկառուցվի կամ կվերանորոգվի։ Կառավարությունն արձանագրում է, որ գյուղական բնակավայրերում դպրոցները կորցնում են աշակերտներին ու կանգնւոմ են փակվելու վտանգի առաջ։ Գործադիրը,սակայն, հստակ խնդիր է դրել՝  Հայաստանի բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի։ Իսկ դրա համար անհրաժեշտ է կառուցել կրթահամալիրներ։ Ընդ որում՝ անկախ աշակերտների թվաքանակից, նոր կրթահամալիրները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները, պետք է ունենան առնվազն 12 դասարան։

Սյունիքի մարզում 53 նոր մոդուլային կրթահամալիր կկառուցվի։ Վարչապետը հիշեցնում է քաղաքական որոշման մասին՝  մինչև 2026 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցել կամ հիմնանորոգել․ կրթահամալիրներն իրենց մեջ, ըստ անհրաժեշտության, կներառեն և դպրոցական, և մանկապարտեզային բաղադրիչ․

«Մենք քաղաքական խնդիր ունենք Հանրապետության բոլոր բնակավայրերում կրթությունը դարձնել հասանելի ։  Հարց է առաջանում, թե ինչ պետք է անենք այն բնակավայրերում, որտեղ դպրոցների անհրաժեշտ  ծանրաբեռնվածություն չկա։ Այդ գաղափարը քննարկելիս՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է կառուցենք կրթահամալիրներ, որոնք նախատեսված կլինեն մի քանի բնակավայրերի երեխաների համար»։

Ծրագիրը կմեկնարկի  Սյունիքի մարզից։ Կֆինանսավորվեն Կապանի 10 բնակավայրերի դպրոցների շենքային պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և փորձաքննությունը։ Ծրագրի իրականացման համար մոտ 200 մլն դրամ հատկացվեց։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հստակեցնում է՝ կրթական բարեփոխումների շրջանակում կրթական գործընթացների կազմակերպման մասով ձևավորվել է նոր մոտեցում, և նախկինում գործող բազմահամակազմ դասարանների նախատեսման սկզբունքը՝ 2 կամ 3 դասարանները 1 դասարանում համակցելու մոտեցումը, այլևս ընդունելի չէ:

«Սկզբնական փուլում վերլուծությունների արդյունքում նախատեսվել է 13 կրթահամալիրից 5-ի համար կառուցել նոր շենք, որոնցից 3-ի համար՝ Եղվարդ, Դավիթ Բեկ, Վերին Խոտանան համայնքներում՝ մոդուլային դպրոցներ, իսկ մյուս 8-ի համար պետք է վերակառուցվեին դպրոցների առկա շենքերը։:

Նոր մոտեցմամբ, անկախ աշակերտների թվաքանակից, նոր կրթահամալիրները, ինչպես նաև հետագայում նախատեսվող դպրոցները, պետք է ունենան առնվազն 12 դասարան և մեկական դասասենյակ զինվորական պատրաստության, կենսաբանության, քիմիայի, ֆիզիկայի և աշխարհագրության լաբորատորիաների համար, առնվազն 2 խմբասենյակ նախադպրոցական ուսումնառության համար։ 

Կրթահամալիրների կառուցման համար քարտեզագրման աշխատանքներն իրականացվել են նաև հանրապետության մյուս 9 մարզի գյուղական բնակավայրերի համար: Մարզերից ստացված քարտեզագրման արդյունքներն այժմ վերլուծվում են՝ հաշվի առնելով առկա տվյալներն ու մոտեցումները, որից հետո կիրականացվեն տեղազննության աշխատանքները: Վարչապետն ընդգծում է՝

«Մենք նաև պայամնավորվել էինք, որ երբ դպրոցները կբացվեն, կրթահամալիր տանող ճանապարհները կառուցված կլինեն, զուգահեռ պետք է ձեռք բերվեն գործարանային արտադրության նոր տրանսպորտային միջոցներ՝ երեխաներ տեղափոխելու համար»։

 Նախատեսվում է նաև գումար հատկացնել Արմավիրի մարզի Արգինե և Արարատի մարզի Դեղձուտ համայնքների միջնակարգ դպրոցների կառուցման ավարտական աշխատանքների համար: Աշխատանքները կիրականացվեն՝   ըստ փուլերի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն