Գործարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 4-ին կստանձնի Արցախի պետնախարարի պաշտոնը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ պաշտոնն առաջարկել էր Վարդանյանին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել Արցախ՝ մշտական բնակության։ 

Հարությունյանը վստահեցրել էր, որ պատրաստ է Ռուբեն Վարդանյանին որոշումներ կայացնելու և գործելու լայն լիազորություններ տրամադրել։ Ի՞նչ են ենթադրում գործելու լայն լիազորությունները  և արդյոք դա առնչվու՞մ է արցախյան խնդրի կարգավորմանը՝ Հարությունյանը չէր հստակեցրել։

Արցախի գործող պետնախարար Արտակ Բեգլարյանն այսօր այդ պաշտոնում իր վերջին ասուլիսն էր հրավիրել։ Նա ամփոփել է իր գործունեությունը պետնախարարի պաշտոնում, խոսել է պետնախարարի գործառույթների ու իրեն փոխարինելու եկած Վարդանյանի մասին։

Բեգլարյանն ասել է՝ ուրախ է, որ Ռուբեն Վարդանյանն է ստանձնելու պետնախարարի պաշտոնը։ Բեգլարյանի կարծիքով, դա  մեծ հնարավորություն է Արցախի Հանրապետության համար՝ հաշվի առնելով Վարդանյանի փորձը։ Նա վստահեցրել է, որ աջակցելու է Ռուբեն Վարդանյանին, որ նա կարողանա արդյունավետ գործել, իսկ ինքը շարունակելու է պետական ծառայությունը, թե ի՞նչ գործառույթներով, կհայտարարվի առաջիկայում։

Արցախում պետնախարարը կառավարության ղեկավարն է՝  նախագահից հետո երկրորդ պաշտոնյան։ Վարդանյանը պաշտոնը ստանձնում է Արցախի հետ կապված անորոշությունների ֆոնին։ Այս թեմայով քննարկումներում եղան նաև տեսակետներ, որ Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոն է տրամադրվում նրան Բաքվի հետ բանակցող դարձնելու նպատակով։ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք-ՔԴՄ» իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ նման քննարկումներ չեն եղել, սակայն չի բացառում դա, եթե Բաքուն ընդունի բանակցություններում Արցախի լիիրավ կողմ լինելու պայմանը։

«Չի բացառվում։ Բայց նաև այդպիսի քննարկում չի եղել։ Մինչև այդ հարցը չկարգավորվի, այդպիսի քննարկում տեղի չի ունենալու։

Դրա համար մենք ասում ենք` պատրաստ ենք բանակցությունների, և բանակցողն էլ կլինի պաշտոնապես Արցախի իշխանությունների կողմից նշանակված անձ, որը կլինի բանակցությունների լիիրավ կողմ»։

Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Մետաքսյա Հակոբյանի խոսքով էլ, Վարդանյանին Արցախի հարցով գլխավոր բանակցող դարձնելու օրակարգը կեղծ է։ Ըստ նրա՝ նման բանակցություններ ուղղակի հնարավոր չեն։

«Ոչ թե Ռուբեն Վարդանյան անձն է խնդիրը, այլ՝ որևէ մեկը չի կարող գնալ նման քայլի, որովհետև դա աբսուրդ է, դա հորինվածք է, որով ուղղակի մեր հայրենակիցներին ուզում են հանդարտեցնել։ Բայց այստեղ՝ Արցախում յուրաքանչյուրը գիտի, որ այդպիսի բան հնարավոր չէ ուղղակի»։   

Դեռ սեպտեմբերի սկզբներին Արցախի պետնախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկը ստանալիս՝  Ռուբեն Վարդանյանն ասել էր, որ կհամաձայնի, եթե իր մոտեցումներն ու որոշումները լայն աջակցություն ստանան։ Պաշտոնի ստանձնումն արդյո՞ք նշանակում է, որ ասվածն արդեն իրականություն է՝ Ռուբեն Վարդանյանը չի հստակեցրել։ Հստակ չի նաև նրա մոտեցումների բովանդակությունը։ Հոկտեմբերի 20-ին Վարդանյանն իր ՖԲ էջում գրել էր.

«Մեկուկես ամսվա ընթացքում Արցախի քաղաքական ու հասարակական գործիչների, տարբեր շրջանների և սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու շփումներն ինձ համոզեցին, որ մարդիկ աջակցում են Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնում իմ թեկնածությանը և հանձին ինձ ուզում են տեսնել պատասխանատու առաջնորդի, որն իր շուրջը կհամախմբի բոլոր առողջ ուժերին և կղեկավարի երկիրը ճգնաժամից հանելու իրական աշխատանքները»։ 

Կարելի է ասել, որ իր մոտեցումների որոշ բացահայտումներ Ռուբեն Վարդանյանն արել է՝  ռուսական «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում։ Նա ասել է՝ Արցախի ժողովրդին ոչնչացնելու փորձը, ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու ձգտումը թանկ կարժենա Ադրբեջանի համար մի քանի առումով՝ զոհերի, կորուստների, նաև այն առումով, որ այս ամենը բումերանգ կարող է դառնալ Բաքվի համար։ Խոսելով  Արցախի կարգավիճակի շուրջ քննարկումների ու Ադրբեջանի կողմից հնչող հայտարարությունների մասին՝ Վարդանյանը նշել է.

«Այդ կարգավիճակը որոշվում է այն բանով, որ եթե նույնիսկ այն հստակեցված չէ մինչև վերջ միջազգային իրավունքին համապատասխան, ստատուս-քվոյի պահպանումը (համաձայն որի Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս այնպես, ինչպես տեսնում է ադրբեջանական ղեկավարությունը), պետք է միանշանակ հստակ ու ընդունելի լինի»։ 

Անդրադառնալով այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին` Ռուբեն Վարդանյանն ընդգծել է՝ ինչքան շատ նման հայտարարություններ ես անում, այնքան շատ են հետո դրանք քեզ  վերադառնում։ Եվս մեկ մեջբերում ռուսական պարբերականին Ռուբեն Վարդանյանի տված հարցազրույցից։

«Ես չեմ վախեցնում և չեմ ուզում երևալ մի մարդ, որը փորձում է ինչ-որ կերպ սպառնալ։ Պատմությունն է այդպես։ Պետք է պատմություն կարդալ ու հասկանալ, որ այս ամենն անհետևանք չի մնա։ Կյանքը պետք է պահպանել։ Ինչ-որ բանի նկատմամբ մոտեցումը պետք է լինի ոչ թե միայն այսօրվա, այլև ապագայի կտրվածքով։ Ցանկացած երկրի ղեկավարության կարևոր խնդիրն է լինել պատասխանատու ոչ միայն այսօրվա համար, այլև այն բանի, թե ինչպես է ապրելու ապագա  սերունդը»։

Ռուբեն Վարդանյանն ավելի վաղ նաև հայտնել էր, որ Արցախի պետական նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո կներկայացնի իր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կտեղեկացնի ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն