Ընդդիմությունը լուռ չէ, այս հանրահավաքը արցախցիներին մենակ չթողնելու հավաքի արձագանքն է. Աշոտյան
Այս հանրավահավաքը մեր արցախցի եղբայրների ու քույրերի՝ իրենց մենակ չթողնելու հանրահավաքի արձագանքն է։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ի պատասխան Armenia Today-ի հարցին, նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Աշոտյանի պնդմամբ՝ այս ողջ ընթացքում ընդդիմությունը պայքարի առաջնագիծը չի լքել։
«Ընդդիմությունը լուռ չէր, և երբեք լուռ չի եղել։ Ես ինքս իմ պարտքն եմ համարում պարզ, մարդկային լեզվով բացատրել ժողովրդին, թե ինչ է կատարվում։ Այսօրվա հավաքը Արցախի հավաքի շարունակությունն է։ Արցախում մարդիկ հավաքվեցին, ասեցին, հայե՛ր, մեզ մենակ մի՛ թողեք, սա ձեր հայրենիքն էլ է, մենք ձեր արյունակիցն ենք։ Եվ այս հանրավահավաքը մեր արցախցի եղբայրների ու քույրերի՝ իրենց մենակ չթողնելու արձագանքն է»,-նշեց Աշոտյանը՝ կոչ անելով աշխարհասփյուռ հայությանը իրենց գաղթօջախներում կազմակերպել համանման հավաքներ՝ ի պաշտպանություն Արցախի։
Հիշեցնենք, որ կիրակի օրն Արցախում քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ ու Արցախի Հանրապետության գործող եւ նախկին 2 նախագահների` Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի մասնակցությամբ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: Այն ուղեկցվեց Արցախի խորհրդարանի հայտարարությամբ, որով կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ չստորագրել որեւէ փաստաթուղթ, որով Արցախը կճանաչվի Ադրբեջանի մաս։ Ստեփանակերտի հրապարակում հավաքվածներն ադրբեջանական մի ապատեղեկատվություն էլ հերքեցին: Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը հայաթափվել է` հազիվ 50 հազար մարդ է ապրում: Մինչդեռ հանրահավաքին ֆիզիկապես մասնակցել է մոտ 60-65 հազար մարդ, ինչը վկայում է այն մասին, որ Արցախում այսօր իրոք ապրում է մոտ 120 հազար մարդ: