ԱՄՆ-ը բարձր մակարդակի կապեր է պահպանում Ռուսաստանի հետ՝ նվազեցնելու միջուկային զենքի կիրառման ռիսկերը. Սալիվան
ԱՄՆ իշխանությունները բարձր մակարդակի կապեր են պահպանում Ռուսաստանի հետ՝ նվազեցնելու միջուկային զենքի կիրառման ռիսկերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ մեկնաբանելով Wall Street Journal թերթի հրապարակումը, որում ասվում էր, որ նա վերջին ամիսներին գաղտնի բանակցություններ է վարում Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովի և անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
Սալիվանը չի հստակեցրել՝ ինչ խողովակներով են ընթանում շփումները: Նա նաև չի բացահայտնել քննարկումների մանրամասները և Վաշինգտոնի հնարավոր գործողությունները միջուկային զենքի կիրառման դեպքում։
Ռուսաստանից ևս արձագանքել են այդ հայտարարություններին: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան բաց է փոխշահավետ և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության համար:
«Մենք պահպանում ենք, այսպես ասած, «թիրախային շփումները» Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ այն հարցերի շուրջ, որոնց քննարկման անհրաժեշտություն է առաջանում»,- նշել է դիվանագետը։