Երեկ, ելույթ ունենալով ռազմակալված հայկական Շուշի քաղաքում, թշնամական պետության պարագլուխը սպառնալիքների հերթական տարափն է տեղացել Հայաստանի և հայության հասցեին, հոխորտալով երկու տարի առաջ տարած իր հաղթանակով, և նոր կորուստներ և զրկանքներ խոստանալով մեր ժողովրդին:

Պետք է ցավով արձանագրել, որ անցած երկու տարիները իսկապես մեզ համար նոր կորուստների շրջան էին: Այն դեպքում, երբ թշնամին ատամները սրած, նոր զորամասեր էր կառուցում, նոր սպառազինություններ էր գնում, նոր մարտական ստորաբաժանումներ պատրաստում, և ամեն հարմար առիթի դեպքում ավելի էր մխրճվում էր մեր տարածքը, մեր երկրի ղեկավարությունը շարունակաբար բարբաջում էր «խաղաղության» դարաշրջանից, կեղծ խոստումներով կերակրելով ժողովրդին, շարունակում էր երկրի ներսում ատելություն բորբոքել և իրենից դուրս մեղավորներ փնտրել, և փաստացի ոչ մի բան չէր անում՞ դիմագրավելու և սաստելու թշնամուն:

Այս ամենն էր, որ բերեց սեպտեմբերի 13-ի նոր հարձակմանը Հայաստանի վրա, որն աննախադեպ էր իր մասշտաբներով և կորուստների ծավալներով: Եվ թերևս միայն այս, լկտի և դաժան հարձակումն էր, որն արթնացրեց մեր հասարակության գոնե գիտակից մասին, հիշեցնելով, որ պատերազմը չի ավարտվել, իսկ այն կարող է ավարտվել, միայն երբ կողմերի միջև նորից ուժային հավասարակշռություն է հաստատվել, երբ կողմերից մեկը այլևս չի կարող անպատիժ սպառնալ մյուսին, երբ ցանկացած սադրանք համարժեք պատասխան է ստանում, և ագրեսորը այլևս հնարավորություն չունի իր կամքը պարտադրել:

Այսօր եկել է այն ժամանակը, երբ մենք պետք է ատամներս սեղմած ու թևերս քշտած, վերականգնենք այդ ուժային հավասարակշռությունը: Վերջ տանք ատելության քարոզին և վհուկների որսին, համախմբենք աշխարհով մեկ հայության ցփնված հսկայական ռեսուրսը, ամենուրեք կոշտ հակազդենք թշնամու «խավիարային» քարոզչությանը, նոր դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերենք, նոր սպառազինություն արտադրենք և գնենք, նոր տաղանդավոր և խիզախ երիտասարդ սպաներ ներգրավենք մեր բանակ, նոր պաշտպանական ամրություններ կառուցենք ողջ սահմանի երկայնքով, պաշտպանելու մեր զինվորներին, և կրթենք ու զարգացնենք նրանց՝ դարձնելու 21-րդ դարի արդիական ռազմիկներ:

Այս ամենը իրատեսական է և հնարավոր, և եթե մենք դա անենք, այլոց մոտ էլ կվերականգնենք հարգանքը մեր նկատմամբ, թշնամուն էլ կստիպենք (գուցե նույնիսկ առանց կրակոց) հետ նահանջել մեր հողից, Արցախը կպահենք հայկական, և ի վերջո, մի գեղեցիկ օր, հետ կվերադարձնենք նաև մեր Շուշին: Այս նպատակից ավելի ոգեշնչողը ինձ համար չկա, և ամեն առավոտ, արթնանալով և դուրս գալով տանից, ես փորձում եմ օրն ապրել այնպես, որ մոտեցնեմ այդ նպատակի կատարումը: Ես ուրախ եմ նաև, որ այս նպատակի մեջ մենակ չեմ, որ այն կիսում են նորանոր մարդիկ, որոնք գիտակցում են, որ միայն մաքառումով, աշխատանքով, և փոխադարձ սիրով մենք կկարողանանք ոտքի կանգնել որպես ազգ ու պետություն, փակել պարտության էջը, և ճանապարհ բացել մեր նոր հաղթանակների համար, և դա կլինի մեր լավագույն պատասխանը այս լկտի և նենգ թշնամուն:

Դա կլինի նաև մեր լավագույն տուրքը բոլոր այն եղբայրների և քույրերի հիշատակին, որ կռել են մեր անցյալ հաղթանակները, և իրենց կյանքով կասեցրել պարտությունները: Մինչ այդ, հավերժ փառք նրանց, ու անմար հիշատակ, իսկ ապրողներին պատգամ՝ շարունակելու նրանց գործը, և հաղթանակների դարաշրջան բացելու մեր ազգի համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն