Իրանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի կտրուկ հայտարարություններին
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում, արձագանքելով Հայաստանին Իրանի աջակցության վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանը, ասել է, որ Թեհրանի սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա և մի հարևանի հետ հարաբերությունների ամրապնդումը որևէ կերպ ուղղված չէ մյուս հարևանի դեմ:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում իր երկու հյուսիսային հարևանների երկարատև հակամարտության վերաբերյալ Իրանի դիրքորոշմանը, ինչպես parstoday-ն է գրում, Նասեր Քանանին նշել է. «Թեհրանը մշտապես ընդգծել է Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և օրենքի ու միջազգային իրավունքի շրջանակներում երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին ԻՀՊԿ վերջին զորավարժությունները ծրագրված են եղել նախապես և նախքան դրանց անցկացումը հարևանները պաշտոնապես տեղեկացվել են այդ մասին:
Քանանին հավելել է. «Կովկասի խնդիրների լուծման ուղին անցնում է ոչ թե արտաքին ուժերի, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով: Իրանի ևս մեկ անգամ իր պատրաստակամությունն է հայտնում՝ Թեհրանում երկկողմ, եռակողմ և վեցակողմ տարածաշրջանային նախաձեռնությունների միջոցով աջակցելու երկու հյուսիսային հարևանների միջև առկա խնդիրների լուծմանը»։