ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հայտարարել է, որ մտադիր է պայքարել 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելու համար, սակայն նախազգուշացրել է, որ վերջնական որոշում չի կայացնի մինչև հաջորդ տարվա սկիզբը։

«Ես մտադիր եմ նորից առաջադրվել, բայց մեծ հարգանքով եմ վերաբերվում ճակատագրին: Եվ սա, ի վերջո, ընտանեկան որոշում է: Կարծում եմ, բոլորը ցանկանում են, որ ես մասնակցեմ ընտրություններին, բայց մենք դեռ կքննարկենք դա», — ասել է նա:

Վերընտրվելու որոշման վրա երեքշաբթի կայացած միջանկյալ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին հարցին Բայդենը պատասխանել է. «Մենք մտադիր ենք նորից առաջադրվել, և դա եղել է մեր մտադրությունը, դա կախված չէ նրանից, թե ինչ արդյունք կունենան այս ընտրությունները»։

Երկրի ղեկավարը նաև հավելել է, որ 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու հարցում «չի տեսնում շտապելու անհրաժեշտություն»։ Բայդենն ընդգծել է, որ դա կախված չէ նաև Դոնալդ Թրամփի գործողություններից։

Նոյեմբերի 7-ի հանրահավաքի ժամանակ Թրամփը խոստացել է նոյեմբերի 15-ին Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում «կարևոր հայտարարություն» անել։ Հանրապետականն իր ելույթում շեշտել է, որ չէր ցանկանա ուշադրությունը շեղել միջանկյալ ընտրություններից: Սպասվում է, որ Թրամփը կհայտարարի նախագահական ընտրություններում առաջադրվելու ծրագրերի մասին:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն