Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու մասին պայմանավորվածությունը, Twitter-ում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որքան էլ տարօրինակ է, նա Հայաստանին մեղադրում է փոխհամաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»,- նշել է վարչապետը:

Հինգշաբթի, ելույթ ունենալով կառավարության նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և սույն թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով:»։

Ապա նա նշել էր եռակողմ և այլ ձևաչափերով ընդունված հայտարարությունների և պայմանավորվածությունների խախտման կոնկրետ օրինակներ։

«2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»: Ադրբեջանը գրեթե ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը՝ նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում, զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի»,- ասել էր նա։

Ըստ ՀՀ վարչապետի՝ «այս պնդումը ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է: Նաև Ադրբեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է «Լեռնային Ղարաբաղ» անունը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն