Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում հիմնվել է նախադպրոցական առաջին հաստատությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնք, որտեղ առաջին անգամ նախադպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեն հաճախելու նախակրթարան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալին ուղեկցել են ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը:
Նախադպրոցական այլընտրանքային ծառայություններ ձևավորելու համար 2021 թվականից մեկնարկած պետական ծրագրով բյուջեից տրամադրվում է դրամաշնորհ: Նպատակը նախադպրոցական ծառայությունները հնարավորինս հասանելի դարձնելն է՝ նպաստելով երեխաների՝ վաղ տարիքում զարգացմանը և կարողությունների ընդլայնմանը: Դրամաշնորհային մրցույթի կարևոր նախապայմաններից մեկը ստեղծված ենթակառուցվածքների պահպանումն ու նախադպրոցական ծառայությունների շարունակականության ապահովումն է, որը պետք է իրականացնեն համայնքները:
Ֆերիկ համայնքը դրամաշնորհի համար դիմած 10 բնակավայրերից մեկն է, այստեղ արդեն հիմնված նախակրթարանում ձևավորվել է խումբ, որտեղ հաճախում են համայնքի 4-5 տարեկան բոլոր երեխաները: Ուսումնական պլանն ամբողջովին իրականացվում է՝ համաձայն նախադպրոցական կրթության պետական ծրագրի:
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում կարևորել է ազգային փոքրամասնություններով բնակեցված բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ընդլայնումը. «Կառավարության ծրագրով բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական ծառայությունները հասանելի դարձնելու խնդիր ենք դրել: Ֆերիկում նախադպրոցական հաստատություն երբեք չի եղել: Ուրախ եմ, որ արդեն տեղում հնարավոր է կազմակերպել այս կրթությունը, որը շատ կարևոր է երեխաների հետագա զարգացման համար: Հուսով եմ՝ երեխաների թիվն էլ տարեցտարի կավելանա»:
Նա նաև նշել է, որ ՀՀ Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է ընդլայնել նախադպրոցական ծառայությունների ծավալը, մասնավորապես երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական հաստատություններում հասցնելով առնվազն 70 տոկոսի:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ պետությունը շարունակաբար խրախուսում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների լեզվի իմացությունը՝ պետական հանրակրթական դպրոցներում ապահովելով համապատասխան կրթություն. «Եզդիերենը, ասորերենը, քրդերենն այսօր դասավանդվում են այն համայնքային դպրոցներում, որտեղ համապատասխան բնակչություն կա: Ունենք հաստատված առարկայական ծրագրեր, հանրակրթության պետական չափորոշչում հստակ ամրագրված է՝ ազգային փոքրամասությունների մայրենի լեզուն ուսումնական պլանի մաս է կազմում: Մենք նաև պետական բյուջեի միջոցներով ամեն տարի տպագրում ենք անհրաժեշտ դասագրքերն ու դրանք անվճար տրամադրում դպրոցներին: Այս տարվանից ազգային փոքրամասնությունների լեզուն և գրականությունը դասավանդող ուսուցիչների հնարավորություն ունեն մասնակցելու կամավոր ատեստավորմանը և օգտվելու սահմանված հավելավճարներից»:
Ժաննա Անդրեասյանին տեղեկացրել են, որ Ֆերիկի հիմնական դպրոցի եզդիերենի ուսուցիչ Ռուստամ Հասոյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանն ու հաղթահարել 70 տոկոսի շեմը, ինչի շնորհիվ աշխատավարձի բարձրացում կունենա: