Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն. Նասեր Քանանի
Անդրադառնալով Վիեննայի բանակցություններին՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին ընդգծել է, որ մտքերի փոխանակման ուղիները դեռ ակտիվ են, բանակցությունների ընթացքը պահպանելու ջանքերը շարունակվում են, Իրանը կառուցողական նախաձեռնություններով է հանդես գալիս երկխոսության գործընթացն առաջ մղելու և համաձայնագիր կնքելու համար` գրում է IRNA գործակալությունը։
Պատասխանելով Իրանի դեմ հնարավոր բանաձևի մասին հարցին՝ Քանանին ասել է, որ Թեհրանի և ԱԷՄԳ-ի միջև ուղղակի և անուղղակի շփումները կշարունակվեն՝ հավելելով, որ տեխնիկական բանակցությունների մի մասը վերաբերում է պատժամիջոցների վերացմանը:
Նա հայտնել է, որ Իրանի պատվիրակությունը մեկնել է Վիեննա և բանակցություններ է վարել Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պաշտոնյաների հետ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության պատվիրակությունը կմեկնի Իրան, ու բանակցությունները կշարունակվեն: