Վարչապետի աշխատավարձը կբարձրանա 200 հազար դրամով, աշխատող աղքատինը՝ 7000-ով․ պատգամավոր
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը ֆինանսների նախարարի հետ միասին պետական բյուջեի նախագիծ է մշակել և բերել ԱԺ, որով առաջարկվում է՝ նախարարների աշխատավարձը հաջորդ տարի բարձրացնել 142 հազար դրամով, իրեց ղեկավարի՝ վարչապետի աշխատավարձը 200 հազար դրամով, իսկ աշխատող աղքատի աշխատավարձը բարձրացնել 7000 դրամով»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով 2023 թ. պետական բյուջեի մասին, որի նախագիծը երեկ քննարկվեց ԱԺ նիստի ընթացքում։
Պատգամավորը հիշեցրեց, որ այս իշխանությունները խոստացել են 2026 թվականին նվազագույն աշխատավարձը դարձնել 85 հազար դրամ, իսկ հաջորդ տարվա համար 75 հազար դրամ են դարձրել։
«Շատ լավ, եթե այս գնաճի տեմպերը շարունակվեն, մեկ անձի մեկ ամսվա նվազագույն սպառողական զամբյուղը 85 հազար դրամ կդառնա հաջորդ տարվա մինչև կեսերը կամ ավարտը։ Այսինքն, մենք խոսում ենք բացարձակ թվերի մասին, բայց դրանք ոչինչ չեն ասում։ Ի վերջո հատկապես աշխատող աղքատների, անապահով խավի գնողունակությունը հարաբերականորեն ավելի արագ է նվազում, քանի որ իրենց եկամուտներն առանց այն էլ չեն հերիքում նվազագույն իրենց կարիքները հոգալու համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանի խոսքով, իշխանությունները խոսում են տնտեսական ակտիվությունից, հույսը դրել են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքներով ձևավորված տնտեսական միջավայրի օգուտները դեռ կշարունակվեն հաջորդ տարի։
«Այսինքն, ժամանակավոր մի գործոնով՝ արտաքին գործոն, որի հետ իրենք աղերս չունեն, մեր տնտեսությունն աճում է, 14 տոկոս տնտեսական ակտիվություն կա, դրա հենքի վրա իրենք պլանավորում են հաջորդ տարվա բյուջեն՝ շատ լավ իմանալով, որ մեծ է ռիսկը, որ նման տնտեսական ակտիվություն չլինի։ Դրա համար էլ այդպես վախվորած, շատ քիչ չափերով ոչ համարժեք գնաճին որոշակի աճեր են նախատեսում հաջորդ տարվա համար»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։