ՀՀ-ն տրամադրված է մինչև տարեվերջ ստորագրել խաղաղության պայմանագիրը. Արթուր Հովհաննիսյան
ԱԺ ճեպազրույցներում, պատասխանելով լրագրողի հարցին, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության շրջանակային պայմանագրի ստորագրմանը վերաբերող հարցին:
Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ պետք է հասցեագրվեն բոլոր խնդիրները:
«Ադրբեջանական կողմը պարբերաբար ապակառուցողական քաղաքականության հետևանքով վիժեցնում է մի շարք գործընթացներ: Խոսքն ընդհանուր կարմիր գծերը ֆիքսելու, խնդիրները հասցեագրելու մասին է, ինչի հիմքի վրա նոր կկարողանանք առաջ շարժվել: Սա առաջարկ է, որ հնչել է մեր կողմից, և պետք է հասկանանք, թե բանակցային գործընթացում ինչ զարգացումներ կլինեն, և ըստ այդմ առաջ կշարժվենք: Կարմիր գծերը, ըստ էության, ֆիքսված են. 29.800 քառ. կմ սուվերեն տարածքը մեզ համար կարմիր գիծ է, ինչն ինքնին նշանակում է, որ ՀՀ սուվերեն տարածքում այս պահին գտնվող ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ելման դիրքեր:
Հասցեագրելով խնդիրները, փորձելով հնարավորինս ճկուն լինել բանակցային գործընթացում՝ պետք է առաջ շարժվել, բնականաբար ակնկալելով մեր միջազգային գործընկերների աջակցությունը՝ նվազեցնելու սահմաններին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում էսկալացիայի ռիսկը: Հետագա զարգացումների մասին թե՛ ԱԳ նախարարությունը, թե՛ Անվտանգության խորհուրդը, թե՛ վարչապետը հնարավորինս դետալային փորձում են ներկայացնել»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:
Խոսելով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին՝ խմբակցության քարտուղարն ընդգծեց, որ որևէ մեկը չի կարող ասել, թե որքանով է դա հնարավոր, որովհետև այն մեծապես կախված է Ադրբեջանից:
«ՀՀ-ն տրամադրված է մինչև տարեվերջ ստորագրել, իսկ հնարավորությունները մեծացնելու համար մեր դիվանագիտական կորպուսն անում է ամեն ինչ»,- նշեց Հովհաննիսյանը:
Պատգամավորը հավելեց, որ ընթացքը ցույց կտա, թե որ հարթակում, ինչ ձևաչափով, ինչ ժամկետներում և բովանդակությամբ կստորագրվի պայմանագիրը: