Մահաբեր պայթյուն Սախալինի շենքերից մեկում
ՌԴ քաղաքացիների մեծ ներհոսքի շնորհիվ Հայաստանը ՀՆԱ-ի աճով առաջ է անցել ԱՊՀ մյուս բոլոր երկրներից։ ՀՀ-ի տնտեսական աճն այս տարի կարող է հասնել 14%-ի՝ չնայած հանգամանքին, որ նախնական կանխատեսումներով այն կազմելու էր 5%:
Renaissance Capital ներդրումային ընկերության ուսումնասիրության արդյունքները հրապարակել է հեղինակավոր Forbes ամսագիրը: Երկնիշ տնտեսական աճի կանխատեսումների շարքում նշվում է նաև Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, որը նպաստել է երկրի վճարային հաշվեկշռին: Զեկույցում նշվում է, որ ռուսաստանցիների ներհոսքի պատճառով ՏՏ ոլորտը դարձել է ամենաարագ զարգացողներից մեկը Հայաստանում։ Տնտեսագետ Սոֆյա Դոնեցի համոզմամբ, ռուսաստանցիների հոսքից առավել շահել են հյուրանոցային, ռեստորանային, սպասարկման և առևտրի ոլորտները:
ՎՐԱՍՏԱՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑԵԼ Է 2.9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԵԿԱՄՈՒՏ
Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալության փոխանցմամբ, այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստանը զբոսաշրջություն ոլորտից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ։ Գործակալության տվյալով այս ցուցանիշը համավարակից հետո առաջին անգամ գերազանցել է 2019 թվականի արդյունքը՝ գրանցելով ռեկորդային արդյունք՝ 2 մլրդ 854 մլն 529 հազար 093 դոլար։ 2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ զբոսաշրջությունից ստացած եկամուտն աճել է 183.2 տոկոսով:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ, ՄՈԼԴՈՎԱՅԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄ
Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տալը քաղաքական որոշում էր, քանի որ Ուկրաինան պատերազմի մեջ է, իսկ Մոլդովան՝ պատերազմին հավասար վիճակում՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Նա նշել է, որ որևէ մեկը չի վիճարկում, որ Վրաստանը բոլոր ուղղություններով 10 անգամ առաջ է Ուկրաինայից և Մոլդովայից։ Ղարիբաշվիլին նշել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Մոլդովան թեկնածուի կարգավիճակ են ստացել նույն վերապահումներով, որոնք սահմանվել են Վրաստանի համար։ «Մենք լսել ենք եվրոպացի առաջնորդների հայտարարությունները, որ Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակ շնորհելու որոշումը պայմանավորված է եղել առկա քաղաքական իրավիճակով»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:
ԴՈՆԵՑԿՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՐՏԵՐԸ
Դոնեցկում շարունակվում են ակտիվ մարտերը: Ուկրաինայի նախագահը հայտնել է որ երկրի զինված ուժերին հաջողվել է հետ մղել ավելի քան 100 հարձակում Արևելյան Դոնեցկի շրջանում: Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ մարտերը կատաղի են, առանց դադարի: Ուկրաինայի ղեկավարը նաև հայտնել է, որ երբ Ռուսաստանն իր զորքերը դուրս է բերել Դնեպր գետի արևմտյան ափից, ուկրաինական կողմը Խերսոնի շրջանում սկսել է օգնության ու մարդասիրական նախաձեռնություններ իրականացնող խմբեր ստեղծել և հաստատություններ հիմնել: Ուկրաինացի պաշտոնյաները պնդում են, որ ռուսական կողմը տարածքը լքելուց առաջ ավերել է քաղաքի կարևոր ենթակառուցվածքները:
Զելենսկին նաև հայտնել է, որ զրուցել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի գործարքի երկարաձգման մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Զինված ուժերի բոլոր հրթիռային կազմավորումները վերազինվել են ժամանակակից և եզակի «Իսկանդեր-Մ» համալիրով։ Գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ժամանակակից մոդելները հաջողությամբ օգտագործվում են մարտական գործողություններում:
ՊԱՅԹՅՈՒՆ ՍԱԽԱԼԻՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Սախալինում այսօր՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 5-ի սահմաններում, կենցաղային գազի պայթյուն է որոտացել բնակելի շենքի 4-րդ հարկի բնակարանում, որի հետևանքով զոհվածների թիվը հասել է 9-ի, զոհերից 4-ը երեխաներ են՝ հայտնել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն: Նրա խոսքով՝ մասնագետները շարունակում են փրկարարական աշխատանքը, տեղում աշխատում է 13 միավոր տեխնիկա և 59 մարդ։
Շենքի բնակիչներին տրամադրվել է ժամանակավոր կացարան: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառը գազի բալոնների ոչ պատշաճ պահպանումն ու շահագործումն է. շենքը գազիֆիկացված չէ։