Չինաստանի նախագահը ԱՄՆ հետ հարաբերությունների զարգացման հույս է հայտնել
ԹՈՒՆԻՍՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ
Այսօր Թունիսում պաշտոնապես մեկնակել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Ավելի քան 30 երկի առաջնորդներին է ողջունել Թունիսի նախագահը: Այս տարվա երկօրյա գագաթնաժողովի օրակարգային գլխավոր թեման է «Թվային տեխնոլոգիաները՝ որպես զարգացման վեկտոր», սակայն կանխատեսվում է, որ առաջնորդների հանդիպումնների և քննարկումների կենտրոնում են լինելու Ուկրաինայում շարունակվող՝ Ռուսաստանի մարտական գործողությունները: Ժամեր առաջ գագաթնաժողովին միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
ՉԺՀ-Ն ՈՒ ԱՄՆ-Ը ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՈՒՄԸ. ՍԻ ԾԻՆՓԻՆ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հույս է հայտնել, որ ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը կամրապնդեն փոխըմբռնումը և համատեղ ջանքերով կնպաստեն երկկողմ հարաբերությունները առողջ և կայուն հուն վերադարձնելուն: Այս մասին ՉԺՀ նախագահը հայտարարել է Բանգկոկում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության ֆորումի շրջանակում ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հետ հանդիպման ժամանակ։ «Հուսով եմ, որ տիկին փոխնախագահը կառուցողական դեր կխաղա այս հարցում»,- ասել է Սին:
Չինաստանի ղեկավարը նաև «կառուցողական» է որակել Բալիում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպումը: «Այն ռազմավարական և կառուցողական բնույթ էր կրում և կարևոր նշանակություն կունենա չին-ամերիկյան հարաբերությունների հաջորդ փուլի համար»,- նշել է Սի Ծինփինը:
Բալիում երկու ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի և Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պայմանավորվել են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի մասին:
ՎԱՐՇԱՎԱՅԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՐՁԱԿՈՒՄ Է ՌԴ ԴԵՄ. ՌԴ ԱԳՆ
Լեհաստանի որոշումը՝ մերժելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի մասնակցությունը դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ Նախարարների խորհրդին, աննախադեպ ու սադրիչ է՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Վարշավայի որոշումն անընդունելի հարձակում է Ռուսաստանի Դաշնության դեմ՝ ասվում է Մոսկվայի արձագանքում: Արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Լեհաստանի որոշումը անհամատեղելի է դարձնում երկրի նախագահության կարգավիճակը ԵԱՀԿ Նախարարների խորհրդում և խախտում է կազմակերպության օրենքները:
«ԳԱԶՊՐՈՄԸ» ՍԿՍԵԼ Է ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ
«Գազպրոմը» սկսել է գազ մատակարարել Ադրբեջան՝ SOCAR ընկերության հետ նոր պայմանագրով: Ռուսական ընկերությունից հայտնել են, որ մատակարարումների ծավալը մինչև մարտ ընկած ժամանակահատվածում կկազմի մինչև 1 մլրդ խ. մ:«Փաստաթուղթը ստորագրվել է «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերության` SOCAR-ի միջև: Մատակարարումների ծավալը կազմում է մինչև 1 միլիարդ խորանարդ մետր գազ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ Է 5 ԱՆՁԻ
Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման համար կասկածվող 5 անձի: Ձերբակալվածների թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։ Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի պատճառով 6 մարդ է զոհվել, 81-ը ՝ վիրավորվել: Պայթյունի հիմնական վարկած դիտարկվում է ահաբեկչությունը։
ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԲԱԼԻՍՏԻԿ ՀՐԹԻՌ Է ԱՐՁԱԿԵԼ
Հյուսիսային Կորեայի իշխանություններն իրականացրել են «Հվասոն-17» տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում: Ճապոնիայի տվյալով՝ հրթիռը կոր հետագծով անցել է մոտ 1000 կմ՝ 6 հազար կմ առավելագույն բարձրությամբ և ընկել Հոկայդո կղզուց 200 կմ արևմուտք՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններում։ Ծագող արևի երկրի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ ուղիղ հետագծով արձակվելիս նման հրթիռը կարող է թռչել ավելի քան 15 հազար կմ և հասնել մայրցամաքային ԱՄՆ: Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ներկա է եղել հրթիռի փորձարկմանը կնոջ և դստեր ուղեկցությամբ: Հյուսիսային Կորեայի առաջնորդի դուստրն առաջին անգամ է երևացել երկրի պետական լրատվամիջոցներում: Մինչ այս պաշտոնական Փհենյանը գրեթե որևէ տեղեկություն չէր հաղորդում երկրի ղեկավարի անձնական կյանքի մասին։