Երևանի շտապօգնության ծառայությունը նոր ավտոմեքենաներ ունի
Հայաստանի շտապ բուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով: Դրանք Հայաստանին է նվիրաբերել Ճապոնիայի կառավարությունը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասում է՝ նոր շարժակազմը կսպասարկի մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը, իսկ գործող շարժակազմը ըստ անհրաժեշտության կհամալրի մարզային ծառայությունների ավտոպարկը։ Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 3,5 մլն դոլար է: Նոր մեքենաները համալրված են ժամանակակից, վերջին ստանդարտներին համապատասխանող սարքավորումներով:
Բժիշկ Հարությունյանը բացում է շտապօգնության նոր մեքենայի սրահը, մանրամասն ցույց է տալիս նորագույն սարքերն ու մի քանի անգամ կրկնում․ «թող սրանք կիրառելու իրական անհրաժեշտություն չլինի»։
«Ունենք դեֆիբրիլյատոր, որը ավտոմատացված է, ավելի հեշտ ու պարզ է այն օգտոգործելը։ Երբ բացում ենք սարքը, այն միանում է և հրահանգներ է տալիս՝ ինչ պետք է անել։ Իհարկե, շտապ օգնության բժշկի համար սարքը լինի ավտոմատացված, թե մեխանիկական, միևնույն է աշխատանքը բարդ է, ծանր է»,– պատմում է շտապօգնության բժիշկ Հարություն Հարությունյանը։
Նորագույն բժշկական սարքավորումներն ու օժանդակ պարագաները Շտապօգնության ծառայության նոր ավտոմեքենաներում են։ Ճապոնիայի կառավարությունը «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի շրջանակում Հայաստանին է նվիրել նոր սերնդի 39 ավտոմեքենա, որից 35-ը գծային շտապօգնության մեքենաներ են, 4-ը՝ ռեանիմոբիլ։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահ է, որ նոր տեխնիկայի շնորհիվ նաև բժշկական ծառայության որակն է բարելավվելու։
«Միայն մեքենաները չեն նոր, նաև սարքավորումներն են ամբողջությամբ նոր, այստեղ կան սարքավորումներ, որոնք նաև հեշտացնում և արագացնում են բժիշկների աշխատանքը, տալիս են ավելի ճշգրիտ ինֆորմացիա բուժառուի առողջական վիճակի մասին։ Այս ամենը, իհարկե, կօգնի ավելի արագ ու անվտանգ բուժառուին հասցնել հիվանդանոց»,– ասում է Անահիտ Ավանեսյանը։
Նոր շարժակազմը համալրելու է Երևանի շտապօգնության ավտոպարկը։ Ավանեսյանը հիշեցնում է՝ վերջին տարիներին պետությունը նաև պետական բյուջեի միջոցներով է շտապօգնության մեքենաներ ձեռք բերել, որոնք սպասարկում են մարզային ծառայությունները։
«Մենք առաջնորդվում ենք ըստ կարիքի, մարզերում առավելապես ամենագնացների կարիք ունենք, և, ըստ էության, այն մեքենաները, որոնք տեխնիկապես այդ պահանջներին կհամապատասխանեն կուղարկվեն մարզեր»։
Հայաստանը 2020-ից ի վեր մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել․ Քովիդ 19 համաճարակ, պատերազմ և հետպատերազմյան իրավիճակ՝ ընդգծում է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։ Նա հույս է հայտնում, որ Ճապոնիայի կառավարության նվերը Հայաստանի համար ոչ դյուրին այս շրջանում լրացուցիչ օգնություն կլինի և կբարելավի բժշկական սպասարկման և արագ արձագանքման որակը։
«Ես շատ ուրախ եմ՝ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին հանձնել վերջին սերնդի շտապ օգնության մեքենաներ։ Վերջին 30 տարիների ընթացքում Ճապոնիան և Հայաստանը զարգացրել են իրենց բարեկամական հարաբերությունները՝ մասնավորապես բժշկական ծառայության բարելավումը Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության առաջնահերթություններից է»,– ասում է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման։
Արդեն շատ շուտով երևանցիները քաղաքի փողոցներում կտեսնեն շտապօգնության նոր մեքենաները։ Բժիշկները, ոգևորված նոր սարքավորումների ու ավելի հարմար պայմաններում աշխատելու գայթակղությամբ, այնուամենայնիվ, շեշտում են՝ թող իրենց կարիքը ոչ ոք չունենա․ նոր թե հին շարժակազմով շտապ օգնության բրիգադի մաղթանքը անփոփոխ է․
«1-03 ծառայության ահազանգերը լինեն միմիայն ծննդօգնության համար, մեր քաղաքացիները առողջ ու անվտանգ լինեն, հանկարծահաս իրավիճակներից հեռու մնան»։