Բաքվի և Բրյուսելի միջև լայնորեն գովազդվող գործարքը նպատակ ուներ Եվրոպան կտրել ռուսական գազից, գրում է Eurasianet-ը և հարց տալիս. «Բայց արդյոք Ադրբեջանն այժմ ռուսական գազը ներկրում է՝ կատարելու Եվրոպայի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները»։

Ադրբեջանը սկսել է գազ ներկրել Ռուսաստանից՝ համաձայն գործարքի, որը պետք է Բաքվին հնարավորություն տա բավարարել իր ներքին պահանջարկը, բայց որը նաև լուրջ հարցադրումներ է առաջացնում դեպի Եվրոպա արտահանումը խթանելու վերջին համաձայնագրի առնչությամբ:

Ռուսական պետական ​​գազային կորպորացիան՝ «Գազպրոմը», նոյեմբերի 18-ին հայտարարեց, որ նոյեմբերի 15-ին սկսել է գազ մատակարարել Ադրբեջանին և մինչև 2023 թվականի մարտը կմատակարարի մինչև 1 միլիարդ խորանարդ մետր:

Ո՛չ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը, ո՛չ SOCAR-ը չեն պատասխանել Eurasianet-ի հարցերին՝ համաձայնագրի հաստատման վերաբերյալ, որի մանրամասները դեռևս պարզ չեն:

Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ SOCAR-ը նշել է, որ երկար ժամանակ համագործակցել է «Գազպրոմի» հետ, և որ երկու ընկերությունները «փորձում են օպտիմալացնել իրենց ենթակառուցվածքը՝ կազմակերպելով գազի հոսքերի փոխանակում»։

Պայմանագիրը ստորագրվել է ձմեռային խիստ պահանջարկին ընդառաջ, քանի որ Ադրբեջանը ձգտելու է պահպանել գազի մատակարարումներն իր ներքին հաճախորդներին, միաժամանակ կատարելով արտահանման պարտավորությունները դեպի Վրաստան և Թուրքիա, ինչպես նաև Եվրոպայի հետ վերջերս ընդլայնված առևտուրը:

Այս տարի նախատեսվում էր, որ Հարավային գազային միջանցքով արտահանումը Եվրոպա կհասներ 10 միլիարդ խորանարդ մետրի, սակայն Եվրամիության հետ հուլիսին ստորագրված փոխըմբռնման նոր հուշագրի համաձայն՝ Բաքուն համաձայնեց արտահանումը հասցնել 12 միլիարդ խորանարդ մետրի:

Այդ ավելացումը նպատակ ուներ օգնել Բրյուսելին փոխհատուցել ռուսական գազի մատակարարումների կորուստը, որը Մոսկվան դադարեցրել էր՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների, որոնք սահմանվել էին Ուկրաինայում Ռուսաստանի  մարտական գործողությունների մեկնարկից հետո:

Թեև գործարքը մեծապես գովազդվում էր ինչպես Բրյուսելում, այնպես էլ Բաքվում, երբեք պարզ չդարձավ, թե կոնկրետ որտեղից է ստացվելու լրացուցիչ գազը:

Կոնսորցիումին մոտ աղբյուրը, որին պատկանում է ադրբեջանական հսկա «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, և որը ներկայումս մատակարարում է Ադրբեջանից արտահանվող ողջ գազը, Eurasianet-ին հաստատել է, որ արտահանման նոր պայմանագրեր չեն կնքվել, և հանքավայրը միայն 10 միլիարդ խորանարդ մետր կմատակարարի, ըստ նախապես ձեռք բերված համաձայնության:

Լուրերն այն մասին, որ Ադրբեջանն այս ձմռանը գազ է ներկրելու Ռուսաստանից, վկայում են, որ Բաքուն մտադիր է ռուսական գազը մատակարարել ներքին շուկա, որպեսզի կարողանա կատարել Բրյուսելի հանդեպ իր պարտավորությունները:

Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցները չեն տարածվում Ադրբեջանի վրա, որն ազատ է ներկրելու այնքան ռուսական գազ, որքան ցանկանում է։

Սակայն նոր գործարքը հակասում է հուլիսյան համաձայնագրի քաղաքական մտադրությանը, որը համաձայնեցվել էր ադրբեջանական գազի ծավալները դեպի Եվրոպա մեծացնելու համար և պետք է օգներ ԵՄ-ին նվազեցնելու իր կախվածությունը ռուսական գազից, եզրափակում է պարբերականը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն