Քենիան արգելափակել է բաոբաբի ծառերի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով «խախտումները»
Քենիայի իշխանությունները որոշել են արգելափակել ութ բաոբաբ ծառերի «արմատախիլ անելն ու տեղափոխությունը Վրաստան» այն բանից հետո, երբ կառավարությունը հայտարարել է, որ ծառերի արմատախիլ անելու լիցենզիան «անօրինական է»:
Երկուշաբթի Քենիայի շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարը հետ է կանչել ծառերն արմատախիլ անելու և դրանք տեղափոխելու լիցենզիաները:
OC Media-ն հաղորդում է, որ, ըստ փաստաթղթերի, ծառերը նախատեսված են եղել Շեկվեթելիի Դենդրոլոգիական այգու համար, որը հիմնել է Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
Քենիայի շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ մասնավոր ընկերությունը սկսել է ապօրինի կերպով արմատախիլ անել ծառերը Քենիայի Քիլիֆի շրջանում՝ Վրաստան արտահանելու համար, առանց անհրաժեշտ լիցենզիա ստանալու:
Դեռևս հոկտեմբերին The Guardian-ի հրապարակած զեկույցում նշվում էր, որ Վրաստանի քաղաքացի Գիորգի Գվասալիան է կանգնած բաոբաբի ծառերի Վրաստան արտահանման գործարքի ետևում: Նրանք հայտնել են, որ Գվասալիան «կատարյալ» բաոբաբների որոնումները սկսել է 2019 թվականի վերջին՝ տեղական բնակիչներին առաջարկելով 100.000-300.000 քենիական շիլինգ (820-2500 դոլար) յուրաքանչյուրի համար։ Ըստ լուրերի՝ Գվասալիան տեղացիներին խոստացել է նաև վերանորոգել ճանապարհները:
Վրացի գործարարը Guardian-ին ասել է, որ փրկում է այդ ծառերը, քանի որ տեղի բնակիչները մտադիր են կտրել դրանք՝ հողագործության նպատակով հողերը մաքրելու համար:
Պարբերականը նշում է, որ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին՝ «Վրացական երազանքի» հիմնադիրը, հայտնի է իր՝ ծառեր հավաքելու «վիճելի հոբբիով»։ 2021 թվականին այդ մասին նկարահանվել է «Այգու ընտելացում» վավերագրական ֆիլմը, որի ցուցադրումն արգելվել է: