Ֆրանսիան աջակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև բանակցություններին: Այսպես է Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել երեկ Ալիևի հայտարարությանը, թե Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա, քանի որ, նրա խոսքով, Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության դեպքում: Ալիևը շեշտել է՝ Մակրոնը հայամետ և հակաադրբեջանական քաղաքականություն է վարում, ուստի այս ամենը հաշվի առնելով՝ պարզ է, որ Փարիզը չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին:

«Փարիզը, ինչպես և առաջ, հավատարիմ է Բրյուսելում, Պրահայում և Վաշինգտոնում կայացած հանդիպումներից հետո ընթացող քննարկումների շարունակականությանը»,- հավելել են Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Պաշտոնական Երևանը նույնպես արձագանքել է Ալիևի հայտարարություններին: Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հիշեցրել է, որ առաջնորդների նախորդ հանդիպումը Պրահայում, որտեղ ձեռք է բերվել հանդիպումները շարունակելու պայմանավորվածություն, քառակողմ ձևաչափով է անցկացվել, ուստի տրամաբանական է, որ հանդիպման ձևաչափն ու մասնակիցների կազմը պետք է նույնը լինեն:

Վահան Հունանյան (ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար) - Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել հանդիպումը և խաղաղության գործընթացը, իրականության հետ որևէ աղերս չունեն։ Հայաստանը պատրաստ է դեկտեմբերի 7-ի հանդիպմանը՝ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության և ձևաչափի համաձայն:

Հունանյանը նաև տեղեկացրել է, որ Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին Ադրբեջանին փոխանցված խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական առաջարկներին Բաքուն դեռ չի պատասխանել:

ՏՈԿԱԵՎԸ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ

Ղազախստանի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդմնակալության արարողության ժամանակ ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը: Նա երդվել է ծառայել Ղազախստանի ժողովրդին, երաշխավորել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և բարեխղճորեն կատարել Նախագահի պարտականությունները։

Տոկաևը հայտարարել է, որ Աստանան կշարունակի հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել՝ առաջնահերթությունը տալով հարևան երկրների՝ Ռուսաստանի, Չինաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ գործակցությանը: Նա հավելել է, որ Ղազախստանը կզարգացնի հարաբերությունները նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրների հետ:

«Ղազախստանը հավատարիմ է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը: Մենք հետևելու ենք «տարբեր կարծիքներ, մեկ ազգ» սկզբունքին»։ Իսկ հասարակության մեջ տարաձայնություններ սերմանող, ազգի միասնությունը խաթարող և մեր պետության դեմ ուղղված սադրանքները խստորեն կճնշվեն»,- ընդգծել է նախագահը։

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԽԵՐՍՈՆԻՑ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարարությունը հայտարարել է Խերսոնից բնակիչների տարհանման մասին։ 100 խերսոնցի արդեն գնացքով ուղևորվել է Խմելնիցկի։ Տեղական իշխանությունները նշում են՝ նման որոշում է կայացվել, քանի որ ռուսական ուժերը շարունակում են հարվածներ հասցնել Խերսոնին:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԵԾ ՄԱՍԸ ՀՈՍԱՆՔԱԶՐԿՎԱԾ Է

Ուկրաինայի մեծ մասը, այդ թվում՝ Կիևը, հոսանքազրկված է։ Վերականգնողական աշխատանքները, սակայն, շարունակվում են: Այժմ ավելի քան 6 միլիոն բաժանորդ էլեկտրականություն չունի: Նոյեմբերի 23-ին այդ թիվը հասնում էր 12 միլիոնի՝ հայտնել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով՝ ամենաբարդ իրավիճակը Դնեպրոպետրովսկի, Կիևի, Օդեսայի, Լվովի և Խարկովի շրջաններում է։ Զելենսկին ևս մեկ անգամ կոչ է արել խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան:

Վարչապետ Դենիս Շմիհալը տեղեկացրել է, որ Ուկրաինայի բոլոր ատոմակայանները և ջերմաէլեկտրակայանները ենթարկվել են հրթիռային հարձակման, սակայն այս պահին երկրի էներգետիկ համակարգը հաղթահարել է ամենածանր փուլը. էլեկտրաէներգիայի մատակարարներն ապահովում են ուկրաինացիների կարիքների 70%-ը։

Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան էլ BBC-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ուկրաինացիների ավելի քան 90%-ը պատրաստ է նույնիսկ 3 տարի ապրել առանց էլեկտրականության և ջերմության, եթե Եվրամիությանն անդամակցության հեռանկար տեսնի։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՊՆ-Ն ՀԱՅՏՆԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունից հայտնել են Սիրիայում «Ճանկ-սուր» գործողության ընթացքում մեկ զինվորականի զոհվելու և ևս երեքի վիրավորվելու մասին։

Ավելի վաղ գերատեսչությունից հայտնել էին նաև, որ թուրքական բանակն Իրաքում և Սիրիայում օդային գործողության ընթացքում ոչնչացրել է 326 ահաբեկչի։

Թուրքական կողմը նաև հերքում է Սիրիայի հյուսիսում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակման մասին տեղեկությունները, նշում՝ դաշնակից երկրների ուժերին կամ քաղաքացիական թիրախներին հարվածներ չեն հասցվում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն