Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում  ուսումնական գործընթացն այսօրվանից վերականգնվել է: Տնօրեն Անգին Արշակյանն ազատվել է պաշտոնից: Գործադուլի պատճառով աշխատանքից հեռացված դասախոսներն էլ վերականգնվել են իրենց պաշտոններում:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ավելի քան երեք ամիս խաթարված ուսումնական պրոցեսը կարծես թե վերականգնվում է։ Երկարատև գործադուլից հետո դասախոսները վերադարձել են լսարաններ՝ մի քանի ամիս ընդհատված  դասերը վերսկսելու համար: Ինֆորմատիկայի  դասախոս Իրինա Մարտիրոսյան.



«Կազմ-պատրաստ ենք,  բոլորս նորմալ դասի ենք եկել մեծ սիրով ու մեծ ակնկալիքով, որ կհաղթահարենք այս դժվար փուլը: Թող մեր երեխաներն ու նրանց ծնողները ներողամիտ լինեն: Ամեն ինչ հարթվեց. Տնօրենը փոխվեց: Մեր պայքարն արդեն երեք ամիս վերածվել էր անզորության աղաղակի»:

Անզորության աղաղակին արձագանքեց ԿԳՄՍ-ն. երեկ քոլեջի տնօրեն Անգին Արշակյանն ազատվել է աշխատանքից, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Ջեմմա Սարգսյանը: Նոր պաշտոնակատարը միջին մասնագիտական ոլորտում աշխատանքային փորձ ունի: Աշխատել է Արմավիրի պետական ինդուստրիալ — մանկավարժական քոլեջում:



«Ունենք բազմաբնույթ խնդիրներ, որոնք հստակեցվում են, հնարավորինս շուտ հրավիրվելու է կառավարման խորհրդի նիստ, որպեսզի օրակարգում ներառված բոլոր հարցերը ստանան իրենց լուծումները»:

Ենթադրվում է նոր  կառավարման խորհրդի ձևավորում: Քոլեջում էին նաև նախկին տնօրենի հրամանով ազատված աշխատակիցները:  Դաստիարակչական գծով փոխտնօրեն Կարինե Հարությունյանը, որը քոլեջում նաև քաղաքացիական իրավունք է  դասավանդում, իր աշխատանքի  իրավունքը վերականգնելու համար դիմել էր նախարարություն ։



«Նախարարությունն իմ աշխատանքը վերականգնել է, հրամանն այսօր կհասնի մեզ, բայց մենք աշխատանքի ենք եկել՝  ի օգուտ քոլեջի, որպեսզի վերսկսենք դասը: Ես առաջնային բողոքարկել էի նախարարություն, որ անօրինական էի ազատվել աշխատանքից: Գերատեսչական նորմատիվ ակտերով ստուգեցին և հասկացան, որ մենք իրավացի ենք և անօրինական ազատում էր: Երեկ հայտարարվել է, որ վերականգնվելու ենք»:



Քոլեջի ուսումնական գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Մարգարյանն էլ էր նույն ակնկալիքով աշխատանքի վերադարձել, որպեսզի ուսումնական պրոցեսը վերականգնվի:

«Մեր օգնությունն այստեղ խիստ անհրաժեշտ է մինչև մեր հրամանները լինեն: Ամեն ինչ անելու ենք, որ ուսումնական գործընթացը հունի մեջ ընկնի: Դրա համար կան տարբեր տեսակի մոտեցումներ»:

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջեմմա Սարգսյանն ասում է, որ  աշխատանքից ազատված դասախոսները համապատասխան փաստաթղթի հիման վրա կվերականգնվեն իրենց պաշտոններում:



«Լիազոր մարմինն այդ մասին երեկ տեղեկացրել է բոլոր աշխատակիցներին. նախարարությունից ես գրություն եմ ստանալու, որի հիման վրա պետք է չեղյալ համարեմ նրանց ազատման հրամանները»:

Կան դասախոսներ, որոնք  խնդիրը նաև դատական կարգով են վիճարկելու։ Դաստիարակչական գծով փոխտնօրեն Կարինե Հարությունյանը  դատարան է դիմել իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

«Ֆեյսբուքյան էջում նկարներ են հայտնվել, որտեղ ներկայացվում է, որ ես պարել եմ, բայց դա այդպես չի եղել, երբ նախկին տնօրենը  կռիվ էր հրահրում աշխատակիցների միջև, ի պատասխան՝ ես ձեռքի շարժումներով ցույց տվեցի, որ պետք չի կռվել: Դա մոնտաժել են ու դրել համացանցում, զոհվածների անուններ են նորից շահարկել: Այո, ձեռքի երկու շարժում եղել է, ես չեմ հերքում, որպեսզի ինքը հասկանա, որ մենք չենք հրահրվի, չենք դրդվի, կռվի չենք գնա»:



Քոլեջում այսօր գրեթե բոլոր ուսանողները ներկա էին, լսարաններում դասեր էին, մի տեղ ֆինանսաներ, մյուսում՝ աշխարհագրություն։

 «Այսօրվանից ենք սկսել գալ, անհանգստանում էինք, թե երբ պետք է բացվեր» «Հուսով ենք կլրացնենք ամբողջը»  «Լավ է, որ սկսվել են դասերը: Գործադուլի ընթացքում մենք տանը վերընթերցում, պարապում  էինք մեր անցած թեմաները»:

Ֆինանսների ու վարկ խմբի ավարտական  3-րդ կուրսի ուսանողներն են: Ուրախ են հատկապես առաջին կուրսեցիները, որոնք քոլեջ ընդունվելուց հետո դասի գրեթե չեն եկել։



«Սեպտեմբերի 1-ին, երբ եկանք ահավոր վիճակ էր ու ես գիտեի, թե սա նորմալ է.հնարավոր է  լսարանները պատրաստ չեն»:  «Հիմա շատ լավ է, որ դաս ենք անում»: «Հուսով ենք, որ ամեն ինչ կվերականգնվի» «Հուսանք, որ նոր տնօրենի հետ դասախոսները պրոբլեմներ չեն ունենա և մեզ հետ լավ կվերաբերվի և որպես առաջին կուրսեցիներ՝ դրսում աշխատանք չենք անի»:

Մի ամսից սկսվելու է քննաշրջանը, ինչպես են վերականգնելու բաց թողնվածը: Ինֆորմատիկայի դասախոս Իրինա Մարտիրոսյան.



«Բոլորս էլ մեծագույն սիրով կաշխատենք նույնիսկ շաբաթ օրերին, եթե թույլ տան: Նախարարությունից խոստացել են, որ մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի  աջակցությամբ կլրացնենք ծրագրերը»:

 Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ջեմմա Սարգսյանի խոսքով՝ հնարավոր ամեն ինչ անելու են բաց թողածն արագ վերականգնելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն