ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։

Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելուն վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։



Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր շատ գործողություններ ձեռքով են իրականացվում, և կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման և կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենը, աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։

Աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև կառավարման խորհուրդներում ընդունվող որոշումների իրականացման նկատմամբ հետևողականության դրսևորումը։

Շարունակելով աշխատակազմի ղեկավարի խոսքը՝ շրջակա միջավայրի նախարարը խնդրել է գործընկերներին առավել ակտիվացնել կառավարման խորհրդի աշխատանքները, եթե կարիք կա գումարել նաև արտահերթ նիստեր, քանզի դա ոլորտում առկա խնդիրների քննարկման և միջոլորտային փոխհամաձայնեցման գալու լավագույն հարթակն է։



Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտային օրենսդրական բարեփոխումներին, որոնք ենթադրում են նաև վերահսկողական գործառույթի ուժեղացում, ինչն էլ իր հերթին ավելացնելու է տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը՝ առաջարկելով այս ուղղությամբ ևս գործնական քայլեր ձեռնարկել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կառավարման խորհրդի կազմին է ներկայացրել օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցերը։

Նիստի ընթացքում քննարկման է ներկայացվել նաև օրակարգում չընդգրկված ևս մեկ հարց՝ որակի ապահովման վարչության 2023 թվականի տարեկան գործունեության ծրագրի վերաբերյալ։

Դրանք արժանացել են կառավարման խորհրդի հավանությանը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն