Մասկը հավաստիացումներ է ստացել, որ Twitter-ը կմնա App Store-ում
Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուկից երաշխիքներ է ստացել, որ սոցիալական ցանցը չի հեռացվի App Store-ից։
Երկու գործարարները հանդիպել են երեքշաբթի Apple-ի կենտրոնակայանում և «լավ խոսակցություն» են ունեցել` ասել է Մասկը։
«Ի թիվս այլ բաների, մենք լուծել ենք թյուրիմացությունը, որ Twitter-ը կարող է հեռացվել App Store-ից: Թիմը հասկացրել է, որ Apple-ը երբեք չի դիտարկել այդ տարբերակը»,- գրել է Մասկը Twitter-ում:
Մասկը վերջերս հայտարարել էր, որ «Apple»-ը հանում է գովազդը «Twitter»-ից և կարող է հանել հավելվածը «Appstore»-ից:
Նա սպառնացել էր մշակել իր սեփական սմարթֆոնը, եթե Apple-ը և Google-ն արգելեն Twitter-ի հավելվածներն իրենց հարթակներում՝ սոցիալական ցանցի խմբագրական նորամուծությունների հետ անհամաձայնության պատճառով: