Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ ամանորյա լուսավորության աշխատանքների հետևանքով քաղաքը վնասներ չի կրել՝ հավելելով, որ իրականացվել է նվազագույն միջամտություն լուսավորության տեղադրման համար: 



Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ խորը հետազոտություն անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի հասկացվի՝ այսօր Հանրապետության հրապարակի շենքերի վրա առկա ձողերը, անցքերը կապ ունե՞ն այս նախագծի հետ, թե՞ ոչ: Եթե վրան լուսավորություն կախված է, ուրեմն կապ ունի, եթե կախված չէ, ուրեմն կապ չունի:

Այն հարցին, թե արդյոք նոր անցքերը չեն վնասվում քարը, փոխքաղաքապետը պատասխանեց. «Ոչ, վնաս չէ, դա այն միջամտությունն է, որ ողջամիտ ու անհրաժեշտ էր այդ զարդարանքը տեղադրելու համար, իսկ հետևանքները վերացվելու են: Այն ծակերը, որ արվել են և մենք չենք հերքում, որ արվել են,  ուրիշ են, զարդանախշերի մեջ մխրճված հեղույսը՝ ուրիշ»:



Ճարտարապետ Տիգրան Գալստյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ զարդանախշերը նույնությամբ վերականգնելն այլևս անհնար է․ «Վերականգնելու միակ տարբերակն այն է, որ քարն ապամոնտաժվի և տուֆից նոր քանդակ արվի, բայց քարի հետ աշխատող բոլոր մասնագետները գիտեն, որ նույնիսկ նույն հանքի տարբեր տեղերից հանված տուֆը տարբեր երանգներ ունի, ուստի նույնությամբ վերականգնել չի հաջողվի։ Վերականգնելու տարբերակներից մեկը տուֆի փոշիով մածուկ պատրաստելն ու այդպես անցքերը փակելը կարող է լինել, բայց դա ևս լուծում չէ։ Այդ տարբերակը ժամանակավոր բնույթ ունի և մի քանի տարի հետ անցքերը նորից կբացվեն։ Տուֆը մի շարք յուրահատկություններ ունի, այն ծակոտկեն քար է և հնարավոր է անձրևաջրերը մտնեն նրա մեջ, ձմռանը սառչի և ճաքեր տա, տուֆի հետ պետք է մաքսիմալ զգույշ լինել, այն շատ փխրուն քար է»,- ասաց ճարտարապետը։



Լուսանկարիչ Արման Կարախանյանը հրապարակել է լուսանկարներ, որոնք ներկայացնում ենք ստորև․










Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն