ԱՄՆ-ը ներկայացրել է նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել
Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը 34 տարվա ընթացքում առաջին անգամ ներկայացրել են նոր սերնդի B-21 Raider ռազմավարական ռմբակոծիչը, որը կարող է միջուկային զենք կրել: Defense News շաբաթաթերթի տվյալով՝ B-21-ին նախորդած B-2 Spirit ինքնաթիռի ներկայացումը տեղի է ունեցել 1988 թվականի նոյեմբերին։
Արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայում՝ Փալմդեյլի Northrop Grumman-ի գործարանում։ Միջոցառմանը մասնակցել է նաև Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը: Նրա խոսքով՝ աշխարհում գրեթե չկա որևէ ուժ, որը կկարողանա օդում որսալ նորագույն ռմբակոծիչը: Կորպորացիայից հայտնել են, որ սա վեցերորդ սերնդի առաջին ռմբակոծիչն է աշխարհում։ Այն կարող է զինամթերք կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային սարքավորումներով: Ինքնաթիռն աշխատում է նաև ամպային տեխնոլոգիաներով, որոնք թույլ են տալիս ստեղծել իր «թվային երկվորյակը»՝ մարտական առաջադրանքների կատարումը վերահսկելու համար։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը նախատեսում է ձեռք բերել 750 միլիոն դոլար արժեցող ռմբակոծիչների առնվազն 100 միավոր: Դրանք կփոխարինեն B-1 և B-2 ռմբակոծիչներին:
Ակնկալվում է, որ B-21 Raider-ը օդ կբարձրանա 2023-ին: