Իրանում ցուցարարները կոչ են արել երկուշաբթի օրվանից եռօրյա գործադուլ սկսել: Նրանք ցանկանում են ուժեղացնել ճնշումն իշխանությունների վրա այն բանից հետո, երբ Իրանի գլխավոր դատախազ Ջաֆար Մոնթազերին հայտարարեց, որ բարքերի ոստիկանությունը լուծարվել է: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: 

Ջաֆար Մոնթազերին միևնույն ժամանակ նշել էր, որ բարքերի ոստիկանությունը շարունակում է հետևել մարդկանց վարքին:

Իրանի Ներքին գործերի նախարարությունը, որի կազմի մեջ է մտնում բարքերի ոստիկանությունը, չի հաստատել այս տեղեկատվությունը, իսկ Իրանի պետական ԶԼՄ-ները հայտնել են, որ երկրի դատական իշխանության պատասխանատվությունների մեջ չի մտնում տվյալ կառույցի վերահսկողությունը: 

Իրանում 11 շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են բախումներով և անկարգություններով: Ցույցերը սկսվել են 22-ամյա քուրդ աղջկա՝ Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո. նա ձերբակալվել էր բարքերի ոստիկանության կողմից գլխաշորը սխալ կրելու համար և նրանց հսկողության տակ գտնվելու ընթացքում մահացել էր: Բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր մարդիկ են մահացել, այդ թվում՝ իրավապահներ:

Իրանի իշխանությունները երկրում տեղի ունեցող խռովությունները հրահրելու մեջ բազմիցս մեղադրել են արևմտյան երկրներին՝ նշելով, որ նրանք ցույցերն օգտագործում են Իրանի ներքին գործերին միջամտելու համար:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն