Ինչպես է «Հավաստի Աղբյուրը» հանձնում Ղարաբաղը․ «գառների» լռությունը. Անդրանիկ Թևանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը Պրահայում, Մակրոնի ու Միշելի ներկայությամբ, հանձնել է Արցախն Ադրբեջանին։ Այդ մասին Աստանայում ասաց Ալիևը (Փաշինյանը լուռ համաձայնությամբ հետևում էր նրա ելույթին)։ Այդ մասին Մոսկվայում ասում է Լավրովը։ Եվ վերջապես, այդ մասին էր Պուտինի ելույթը «Վալդայ» ակումբում։
Ու երբ այս ամենից հետո «Հավաստի Աղբյուրը» հայտարարում է, որ ինքը դեռևս այս տարվա հունվարից կողմ է եղել ռուսական առաջարկներին, դա կեղծավորություն է և գավառական խորամանկություն։
«Հավաստի Աղբյուրն» ասում է, որ եթե Մոսկվան համոզի Բաքվին, որ պետք է Ղարաբաղի հարցը թողնել հետագային ու նաև համոզի, որ ռուս խաղաղապահները Ղարաբաղում պետք է մնան 5,10, 20 տարի, ապա ինքը կողմ է։
Փաշինյանը Պրահայում պաշտոնապես հանձնել է Ղարաբաղն Ադրբեջանին և մտել հակառուսական կոալիցիայի մեջ, բայց զուգահեռաբար Մոսկվային էլ է «այո» ասում։
Պարզ չէ՞, որ Ալիևը չի համաձայնելու Ղարաբաղի հարցը հետոյին թողնելու մոսկովյան առաջարկին, քանզի Նիկոլ Փաշինյանից «նաղդ» ստացել է Ղարաբաղը։ Հենց այդ «նաղդ» ստանալն է պատճառը, որ ադրբեջանցի «բնապահպանները» փակում են Արցախից Հայաստան եկող միակ ճանապարհը, խոսվում է ինչ որ մաքսակետ տեղադրելու մասին, պահանջում են այլևս հայկական տեղանուններ չօգտագործել։
1988–ի Ղարաբաղյան շարժումը, շարժման ձեռքբերումները Նիկոլ Փաշինյանը զրոյացնում է։
«Ղարաբաղ» կոմիտեի անդամները, անկախ Հայաստանի հիմնադիրներն ասելիք չունե՞ն։ Հարցս հռետորական է, քանզի այս ամենի համար մեղավորներ պետք է փնտրել նաև հիմնադիրների ու կոմիտեականների շարքերում։
Ղարաբաղն ու Հայաստանը դառնում են անբարոյականության ու անգրագիտության զոհեր։ ՀՀ օրվա իշխանությունները այդ անբարոյական ու անգրագետ միջավայրի ծնունդ են՝ ՀՀՇ–ի թերմացքը։ Նրանցից այլ բան չէր էլ սպասվում։
Հնարավո՞ր է կասեցնել այս ընթացքը։ Հնարավոր է, բայց ժամանակն անվերջ չէ։ Չարիքի հաղթարշավը կասեցնելու համար անհրաժեշտ է, որ գիտակցություն ունեցողները մեկտեղեն իրենց ջանքերը․ հեշտ ու միևնույն ժամանակ դժվար խնդիր»։