Մինսկի խումբը՝ ճգնաժամի մեջ
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը ճգնաժամային է համարում։ Նրա խոսքով՝ կառույցը օբյեկտիվ պատճառներով լուրջ խնդիրների առջև է հայտնվել։ Խոսքն առաջին հերթին ռուս-ուկրաինական հակամարտության մասին է, որի հետևանքով Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան այլևս ի վիճակի չեն մեկ սեղանի շուրջ կառուցողական քննարկում ծավալել։
«Այդ երեք պետությունները խնդիր ունեն այսօր մի սեղանի շուրջ նստելու և էլ չեմ ասում բովանդակային, քաղաքական, կոնստրուկտիվ միջավայրում ինչ-որ հարցեր քննարկելու առումով։ Ըստ այդմ՝ ՄԽ-ի գործունեությունն այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ճգնաժամային է։ ԵԱՀԿ ԽՎ-ում ռուսական պատվիրակությունն առհասարակ չի մասնակցում, այսինքն՝ օբյեկտիվորեն նրանց ներկայությունը չկա։ Ըստ էության, սա ապացույցն է այդ ճգնաժամի։ Հետևաբար ԵԱՀԿ-ն՝ որպես մարմին, ամենաօբյեկտիվ կողմը չէ, որ գնահատի այդ հնարավորությունը»։
ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի կողմից «3+3» ձևաչափով հնարավոր հանդիպման մասին հիշատակումը կրկին հարց է առաջացնում հայկական կողմի համար այդ ձևաչափի արդյունավետության և օրակարգի մասին։ Որքանո՞վ է հավանական, որ այն փոխարինի միջազգային այլ հարթակների, առավել ևս, որ խոսվում է ԵԱՀԿ ՄԽ-ի ճգնաժամային իրավիճակի մասին։
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այդ ձևաչափի առնչությամբ հիշեցնում է հայկական կողմի առաջ քաշած պայմանը ։
«Խնդիրն այն է, որ ի սկզբանե Հայաստանի կողմից է պահանջ-պայման դրվել, որ «3+3» ձևաչափով առաջարկն ընդունելիս պետք է ընդունվի նաև այն պայմանը, որ այդ ձևաչափում որևէ հարց և օրակարգ չի կարող ներառվել և քննարկվել, որը որևէ այլ ձևաչափով քննարկվում է և այլ օրակարգերում ներառված է։ Տեղյակ չեմ, թե ձևավորված է արդյո՞ք օրակարգ»։
Հոկտեմբերի 26-ից հայ-ադրբեջանական շփման գծի Հայաստանի տարածքում դիտորդական առաքելություն են իրականացնում ԵՄ դիտորդները։ Աղաջանյանը տեղեկացնում է, որ այս պահին դիտորդները զեկույց են պատրաստում։ Մինչ զեկույցը կհրապարակվի, ԵԱՀԿ ԽՎ-ի աշնանային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամներն են եվրոպացի գործընկերներին ներկայացրել իրավիճակը, ծանոթացրել փաստերին ու ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին։ Դիվանագիտական այս ամբիոնը ևս օգտագործվել է միջազգային հանրությանը իրազեկելու և Ադրբեջանի նկատմամբ ճնշումը ուժեղացնելու նպատակով։
«ԽՎ աշխատանքներին մասնակցելիս, նաև ամբիոնից հնչեցվեց հայկական կողմի ցանկությունը, որ այդ փաստաթղթին բոլոր պետությունները ծանոթանան, որպեսզի հետագայում գնահատականների մեջ հնարավորինս օբյեկտիվ տեղեկացված լինեն»։
ՄԽ-ն տարիներ շարունակ գործել է ԵԱՀԿ շրջանակում, զբաղվել է հակամարտության լուծմամբ, շեշտել ուժի չկիրառման կամ սպառնալիքի անթույլատրելիության սկզբունքները , բայց Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո այդպես էլ պաշտոնապես գնահատական չի տվել տեղի ունեցածին։