ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման գործընթացի հետ կապված զարգացումները: Նախօրեին սենատի ու ներկայացուցիչների պալատի համատեղ հանձնաժողովի կողմից վերջնական տեսքի է բերվել «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքի տեքստը, որում տեղ չեն գտել կործանիչների հնարավոր գործարքի հարցում հունիսին Ներկայացուցիչների պալատի կողմից ավելացված նախապայմանները, փոխանցում է Ermenihaber-ը։

Քվեարկությամբ Կոնգրեսում ընդունված նախագծում առկա էին հետևյալ 2 նախապայմանները.

1. Վաճառքը պիտի իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան։

2. Պիտի տրվեն երաշխիքներ առ այն, որ կկանխարգելվի Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքներ իրականացնելը:

Նախատեսվում էր, որ ԱՄՆ սենատի հավանության դեպքում այդ նախագիծը հավելվածի տեսքով պիտի կցվեր 2023թ. համար ընդունվելիք ԱՄՆ-ի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»:

Սակայն նախ հոկտեմբերին սենատի քննարկման արդյունքում վերոնշյալ օրենքի տեքստից հանվեցին նախապայմանների նախագիծը, ապա դրանք տեղ չգտան նախօրեին համատեղ հանձնաժողովի կողմից վերջնականացված տեքստում:

Այսպիսով ներկայացուցիչների պալատի դրած նախապայմանները հանվեցին և դրանք այլևս չեն կարող ավելացվել օրենքի վերջնական տեքստում, բայց այսքանով Թուրքիային կործանիչների վաճառքի հարցում բոլոր խոչընդոտները չեն վերացվել, քանի որ Կոնգրեսը պետք է նաև հավանություն տա Թուրքիային կործանիչներ վաճառելու մասին կառավարության ներկայացնելիք առանձին փաստաթղթին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերին Սենատի մշակած տեքստից նախապայմանների հանվելը առաջացրել էր սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի դժգոհությունը: Նա հայտարարել էր, որ Թուրքիային զենքի վաճառքի հարցում մերժման ուղղությամբ կաշխատի:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն